Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում բացվել է Էռնեկյան դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը
Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Կոնվերս Բանկի Գլխամասային գրանսենյակում բացվել է Հայաստանի Առաքելական սուրբ Եկեղեցու «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից:
«Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի լավագույն կրթօջախներից մեկի՝ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի և Հայորդաց Տան 25 սաների գեղանկարչական աշխատանքները: Դրանցում լավագույնս արտացոլված է պատանի նկարիչների գունեղ ու լուսավոր ներաշխարհը, հավատն ապագայի նկատմամբ: Անկախ թեմայի ընտրությունից՝ հոգևոր թեմատիկա, բնանկար, դիմանկար և այլն, աշխատանքները աչքի են ընկում գունային հարուստ էլևէջներով, աշխարհընկալման պարզությամբ ու անմիջականությամբ: Երեխաների գործերը սեր են ճառագում, գունավորում և ավելի պայծառ դարձնում մեր Բանկը»,- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի գործադիր Տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը:
Նա նշել է, որ հիմնադրման պահից ի վեր՝ արդեն ավելի քան 10 տարի, Էռնեկյան դպրոցի սաները, նրանց համար որակյալ կրթության ապահովմանը առնչվող խնդիրները միշտ եղել են արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ուշադրության կենտրոնում, որի ֆինանսական աջակցությամբ ներկայում կառուցվում է դպրոցի նոր մասնաշենքը:
«Երեխաների նկատմամբ հոգածությունը, նրանց համար դաստիրակության և կրթության լավագույն պայմանների ստեղծումը միշտ էլ եղել է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների խմբի անդամ հանդիսացող Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում:
Այնպես որ, սա 2017-ին՝ երեխաներին նվիրված առաջին նախաձեռնությունը չէր: Բանկը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում առողջական խնդիրներ ունեցողներին, մանկատների սաներին ու տարբեր դպրոցների՝ վստահությամբ, որ բոլոր երեխաները , անկախ սոցիալական կամ առողական վիճակից, անհոգ մանկության իրավունք ունեն»,- իր խոսքը եզրափակել է Գոհար Հարությունյանը:
Բանկից նաև հայտնում են, որ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ մայիսի 31-ին, Բանկի աշխատակիցները այցելել են Արզնի 1 առողջարան, որտեղ «Երազ» հիմնադրամի աջակցությամբ մեկշաբաթյա ճամբար է կազմակերպվել շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար:
Տոնի կապակցությամբ, Կոնվերս Բանկը գլյուկոմետրի թեստ-երիզներ և նվերներ են հանձնել Արզնի 1 առողջարանում հանգստացող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Զուգահեռաբար, Բանկի աշխատակիցների հետ առողջարան էին այցելել նաև մանուկների սիրելի մուլտհերոսները, ծաղրածուներ՝ իրենց կատակներով, խաղերի ու պարերի շնորհիվ փոքրիկներին պարգևելով ուրախ ու անմոռանալի տոն:
Նախորդ տարի ևս հունիսի 1-ին Կոնվերս Բանկը թեստ-երիզներ էր հանձնել «Մուրացան» հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Իսկ 2015 թվականի hունիսին Բանկի ողջ անձնակազմը և հաճախորդները՝ «Նվիրիր Կյանք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության շրջանակում արյուն էին հանձնել Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար: