Իմ տպավորությամբ, իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն չունի. Պատգամավոր Լենա Նազարյան
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն մշտապես պնդել է, որ Հայաստանում պետք է լինի անկախ հակակոռուպցիոն մարդին: «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ բանավեճին՝ «Արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, թե՞ ոչ․ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծում» թեմայով քննարկմանն ասաց ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը: Նա նշեց, որ իրենց համար կարևոր է, որ անկախ մարմինն իրապես արտահայտի հանրության սպասելիքները, ակնկալիքները, փարատի բոլոր մտահոգությունները, իրականում ցույց տա արդյունքներ:
«Այս առումով գտնվում ենք, որ նախագծված մարմինն ունի որոշ համակարգային թերություններ, այդ մտահոգությունները մենք արտահայտել ենք»,- նշեց նա:
Կ. Զադոյանի խոսքով, մոդելի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը կապված է երեք հիմնասյունից՝ կրթություն, կանխարգելում, պատժի անխուսափելիություն:
«Այս նախագծերով պատժի անխուսափելիության հարցը լուծված չէ, մենք ի վերջո չունենք մեկ միասնական մարմին: Մենք նախատեսոմ ենք, որ կանխարգելման դեպքում պետք է ունենալ հատուկ քննչական ծառայություն, որը մասնագիտացված լիներ կոռուպցիոն հանցագործություններ քննելու առումով»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, որ իրենք չեն ստացել նախագծի վերջական տարբերակը, այդ իսկ պատճառով չի կարող վերջնական կարծիք հայտնել:
«Բայց կարող եմ ասել, որ, իմ տպավորությամբ, իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն չունի: Նաև հասկանում եմ, որ իշխանությունը չի կարող կտրված լինել աշխարհից. կան միջազգային կառույցներ, եվրոպական գործընկերներ, ովքեր պահանջ են դնում, որ կոռուպցիայի դեմ պայքար տարվի, ստեղծվեն մեղմացուցիչ մեխանիզմներ, գործիքներ, որոնք կլինեն ընդդիմության, քաղհասարակության ձեռքում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Այս օրենքը դիտարկում եմ նման գործիք, հատկապես երբ լինելու է ազդարարների ինստիտուտ: Ընդամենը գործիք է, որը տրվում է քաղհասարակությանը, ընդդիմությանը, որպեսզի օգտագործեն: Պետք է հնարավորինս լավ սերտել և աշխատեցնել»,- ասաց պատգամավորը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, իրենց կազմակերպությունն այս հարցում լավատես է, ավելի շատ փորձում են առաջարկներ ներկայացնել նախագիծը բարեփոխելու համար, որպեսզի օրենսդրական հենքը լինի ավելի լավը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ ընտրել է կանխարգելիչ մոդելը:
«Ասեմ, որ բարեփոխումները չեն ավարտվելու այս ինստիտուցիոնալ մոդելի ընդունմամբ, քանի որ քննարկել և նաև համաձայնության ենք եկել, որ իրավապահ մարմինների բլոկում շարունակելու ենք բարեփոխումները: Ընտրել ենք կանխարգելչ մոդելը, որովհետև ունիվերսալ մարմինն ունի իր ռիսկերը»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ նախագծի վերջնական տարբերակը տեսքի է բերվում, խմբագրվում է, կարծում է առաջիկայում այն կներկայացվի պատգամավորներին, հանրությանը, ովքեր կարող են իրենց կարծիքը հայտնել:
Հարակից հրապարակումներ`
- Գ. Կոստանյան. Հակակոռուպցիոն մարմնում ընդդիմության ներկայացուցչի ներկայությունը դեռևս չի երաշխավորում արդյունավետություն
- Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դրական առաջընթաց է. Պյոտր Սվիտալսկի
- Հեղափոխական քայլ է կատարվում հակակոռուպցիոն փաթեթի շրջանակում. Արփինե Հովհաննիսյան
- Տեղեկատվության ազատությունը նաև հակակոռուպցիոն գործիք է. Սուրեն Քրմոյան
- Հերթական հակակոռուպցիոն կառույցի ստեղծումով կոռուպցիան չի վերանա. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան