Պաշտոնական Ստեփանակերտը չի կիսում կանխակալ գնահատականները. ICG զեկույցի մասին
«Պատերազմի վերսկսման վտանգ միշտ էլ կա, սակայն պաշտոնական Ստեփանակերտը չի կիսում այն կանխակալ գնահատականները, որ Հայաստանն ու Ադրբեջանը, 1994 թվականից ի վեր, ավելի քան երբևէ մոտ են ռազմական գործողությունների վերսկսմանը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի հերթական զեկույցին, որի կանախատեսումներով վերահաս պատերազմը շատ մոտ է։
«Տարօրինակ է, թե ինչու խումբը նույնաբովանդակ զեկույցով հանդես չի եկել, ասենք, մինչև ապրիլյան պատերազմը։ Չէ՞ որ մինչև քառօրյա պատերազմը Ադրբեջանը 22 տարի պատրաստվել էր դրան։ Այն, որ պատերազմ կարող է լինել, բոլորի համար ակնհայտ է, պարզապես մոտ ապագայում դրա հավանականությունը քիչ է։ Զեկույցում նման գնահատականներ հնչեցնել այն դեպքում, երբ միջազգային հնարությունը հայտարարում է հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտության մասին, ուղղակի անթույլատրելի է»,- ընդգծշեց Դավիթ Բաբայանը։
Մեր զրուցակիցը զարմանք հայտնեց, որ Միջազգային ճգնաժամային խումբն իր զեկույցում շրջանցել է Ադրբեջանի նախահարձակ գործողությունները դատապարտող ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հասցեական հայտարարությունը, քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական կողմի բռնությունները, վարձկաններին պատերազմին մասնակից դարձնելու հակառակորդի պրակտիկան։
«Միջազգային ճգնաժամային խումբն իր համար կարծես մի իրականություն է նկարել և դրան էլ հավատում է։ Այս զեկույցը չի արտացոլում իրական պատկերը։ Ավելի լավ կլիներ՝ զեկույցում անկանխակալ կերպով ներկայացվեր իրական վիճակը։ Այն բավական վիճահարույց է»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։ Վերջինս նշեց, որ Ադրբեջանը ցանականում է իրավիճակը ռազմական ճանապարհով փոխել, քանի որ գիտակցում է՝ բանակցությունների ընթացքն իր օգտին չէ։
«Սակայն ապրիլյան պատերազմում հակառակորդի ձախողումը ցույց տվեց, որ նա նման ներուժ չունի։ Ադրբեջանի ցանկություններն ու իրական հնարավորությունները միմյանց հետ չեն համընկնում։ Կարելի է ասել, որ այդ երկիրն այսօր պատրաստված չէ պատերազմ սկսելուն և այն հաջողությամբ վարելուն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին