ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 կամավոր կսկսեն իրենց ծառայությունը Հայաստանում
Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի նոր խմբի՝ 42 կամավորի երդման հանդիսավոր արարողությունը:
«Այսօր առանձնահատուկ օր է ինձ համար, դեսպանության, Խաղաղության կորպուսի համար, կարծում եմ՝ նաև Հայաստանի ժողովրդի համար: Այսօր տեղի կունենա նոր՝ 25-րդ խմբի երդմնակալության արարողությունը, կամավորները կսկսեն իրենց ծառայությունը Հայաստանի Խաղաղության կորպուսում երկու տարի ժամկետով»,- միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի նշվում է Խաղաղության կորպուսի գործունեության 25-ամյակը Հայաստանում, այսօր նաև երդվելու է ԱՄՆ-ից ժամանած Խաղաղության կորպուսի 1000-րդ կամավորը, ով աշխատելու և ծառայելու է Հայաստանում:
Դեսպանի խոսքով, Խաղաղության կորպուսի ծրագիրը երկու ուղղությամբ է աշխատում. այստեղ են ժամանում տարբեր տարիքի կամավորներ, ովքեր, գտնվելով Հայաստանում, ծանոթանում են Հայաստանի կյանքին, մշակույթին, առանձնահատկություններին, որից հետո վերադառնալով ԱՄՆ՝ ներկայացնում են այդ ամենը, և այնտեղ ձևավորվում է այն շրջանակը, որը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ամրապնդման դիրքերից է հանդես գալիս:
«Մենք պատրաստվում ենք շարունակել Խաղաղության կորպուսի գործունեությունը նաև առաջիկա տարիներին, տասնամյակներին: Այս գործունեությունը մեր երկու երկրների միջև կամուրջներ ձևավորելուն է միտված»,- նշեց ամերիկացի դիվանագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: