Աշոտյան. Նոր գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵՄ-ի համար
Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ համար, ինչը նաև արտահայտվում է ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումների համատեքստում: Նման տեսակետ է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենի և Ֆինլանդիայի ԱԳՆ առևտրային հարցերով խորհրդական Սառա Օհլսի հետ հանդիպման ժամանակ:
Եվրոպական կառույցների հետ առկա հարաբերությունների մասին խոսելիս կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը և այս հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը:
«Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ շրջանակում վետոյի իրավունքի կիրառումը ևս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Նա նշել է, որ Հայաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ընդգծել, որ բարձր է գնահատում խաղաղ կարգավորման գործընթացում Ֆինլանդիայի Հանրապետության հավասարակշիռ և անկողմնակալ դիրքորոշումը:
Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական և բանակցային գործընթացը տապալելու արկածախնդիր քաղաքականության հետ կապված թիրախային հայտարարությունների դերն ու նշանակությունը: Հանձնաժողովի նախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության տարածումը:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային քաղաքականության խնդիրներին, քննարկվել է Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամային իրավիճակը: Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հետագայում փոխգործակցությունն առավել կսերտանա: