Արյունաբանական կենտրոնի բակում բացվեց կյանքի ու մանկության խորհրդանիշ քանդակը
Կյանքի, առողջ ու երջանիկ մանկության խորհրդանիշ քանդակն այսօրվանից կզարդարի ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բակը։ Քանդակը նվիրված է կենտրոնի մանկական բաժանմունքում բուժվող երեխաներին։ Քանդակի հեղինակն է քանդակագործ-դիզայներ Արման Դավթյանը՝ Նուռը։
Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի արդիկանացումն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ:
Մինչ քանդակի բացման արարողությունը, Ռիտա Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հեղինակից՝ գեղեցիկ նվերի համար։
«Հեղինակի հետ զրույցում մենք հասկացել էինք, որ այս հիվանդանոցին չի հերիքում մի բան, որը պիտի դառնա կյանքի խորհրդանիշ, այս դեպքում կյանքի խորհրդանիշը պետք է լինի առողջ և երջանիկ մանկությունը։ Ուզում ենք, որ այս քանդակի տեսարանը իրականություն դառնա կենտրոնը լքող յուրաքանչյուր երեխայի համար»,-նշեց նա։
Հեղինակն իր խոսքում շնորհակալություն հայտնեց մանկության քանդակ ստեղծելու՝ իրեն ընձեռնած հնարավորության համար։
«Եթե նկատել եք, աշխարհում քիչ են մանկական քանդակները։ Սա ինձ համար կարծես մարտահրավեր լիներ, թե որքանով կկարողանամ քանդակի միջոցով ներկայացնել կյանքը երեխայի մեջ, նրա աչքերի փայլն ու չարաճճիությունը։ Փորձեցի երեխային ներկայացնել շարժման ու կյաքով լի տարբերակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արման Դավթյանը։