Գևորգ Չաքմանյանն իր բեմական գործունեության 25-ամյակը կնշի Հայաստանում
Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 7-ին կայանալու է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանի համերգը՝ նվիրված իր բեմական գործունեության 25-ամյակին: Երգիչը վերջին 7 տարին բնակվում է ԱՄՆ-ում, սակայն իր բեմական գործունեության 25-ամյակը ցանկացել է նշել հենց մայր հայրենիքում:
«Ես այստեղից եմ սկսել իմ քայլերը: Պետք է առաջինը հենց այստեղ նշեի բեմական գործունեությանս 25-ամյակը, հետո նոր Լոս Անջելեսում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գ. Չաքմանյանը:
Համերգին հնչելու է ազգագային, ժողովրդական երգեր:
«Լինելու են անակնկալներ: Հունիսի 7-ի համերգի համար նախատեսվում է, որ ԱՄՆ-ից մեր արվեստի երախտավորներ կժամանեն՝ իրենց խոսքը, երգն ու պարը նվիրելով մեր ժողովրդին, նաև Հայաստանում բնակվող մեր արվեստագետներից են մասնակցելու»,- ծրագիրը ներկայացնելով՝ նշեց երգիչը:
Գ. Չաքմանյանը նախատեսում է նաև բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանի սահմանամերձ համայնքներում:
«Վերջին վեց տարին, երբ ԱՄՆ-ից գալիս եմ Հայաստան, անպայման այցելում եմ սահմանամերձ շրջաններ՝ բարեգործական համերգներով հանդես գալով մշակույթի պալատներում: Ինձ համար մեծ պատիվ է այդտեղ բնակվող մեր հերոս ժողովրդի համար ելույթ ունենալ՝ թեկուզ մի ժամով թեթևացնելով նրանց կյանքը»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ հունիսի 12-ին և 14-ին նախատեսում է նման համերգներ:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը նաև զինվորների համար է երգելու՝ այցելելով առաջնագիծ:
Գևորգ Չաքմանյանն աշնանը կթողարկի իր երրորդ ձայներիզը՝ 14 երգով, որի շնորհանդեսը Հայաստանում է լինելու:
«Շնորհանդեսին կրկին կգամ Հայաստան»,- ասաց նա: