ԵԽ-ն առաջին կարգի ահազանգ է հնչեցնում Վրաստանից առևանգված, Ադրբեջանում ձերբակալված լրագրողի գործով
Եվրոպայի խորհրդի «Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման պլատֆորմը» առաջին կարգի ահազանգ է հնչեցնում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի հետ կապված։ Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ լրագրող Աֆգան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, մայիսի 29-ին հայտնել էր, որ ամուսինն անհետացել է Վրաստանից՝ Թբիլիսիից։
Eurasianet-ը հաղորդել է, որ Մուստաֆաևան ասել է, որ ամուսինը վերջին անգամ զանգահարել էր իրեն, երբ գտնվում էր իրենց տանից մի փոքր հեռավորության վրա, սակայն այդպես էլ տուն չի հասել։ Վրաստանի ոստիկանությունը մայիսի 30-ին հայտնել էր, որ լրագրողի որոնողական աշխատանքներ են իրականացվում, սակայն այնուհետ ադրբեջանական Turan գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի սահմանապահները բերման են ենթարկել Մուխթարլիին։
Ադրբեջանցի անկախ հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան ևս հաստատել է, որ Մուխթարլին առևանգվել է իր տան հարևանությամբ գտնվող տարածքից, բռնի ուժով նստեցվել ավտոմեքենա, նրա ձեռքերը եղել են կապված ու լրագրողը ծեծի է ենթարկվել։ Նշվում է, որ Մուխթարլին ունի մարմնական լուրջ վնասվածքներ։ Մուխթարլիի փաստաբան Էլչին Սադիգովը Լրագրողների պաշտպանության կոմիտեին հայտնել է, որ իր պաշտպանյալը ծեծի է ենթարկվել, որի արդյունքնում քիթը կոտրվել է, ունի կապտուկներ գլխին, աջ աչքին։ Նրան Վրաստանից մեքենայով Ադրբեջան են տարել առանց անձնագրի։
Նշվում է, որ Մուխթարլին մեղադրվում է մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։ Ադրբեջանի ոստիկանությունը պնդում է, որ խուզարկության ժամանակ Մուխթարլիի մոտ հայտնաբերվել է 10 հազար եվրո։
Մուխթարլին, ով նպաստել է տարբեր անկախ լրատվամիջոցների գործունեությանը, այդ թվում նաև Meydan TV-ի, Ադրբեջանից փախել էր Վրաստան 2015թ․-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի մասին իր լրագրողական հետաքննության համար ստացած սպառնալիքների պատճառով։ Մուխթարլին այժմ գտնվում է նախնական կալանքի տակ։
Նշենք, որ Մուխթարլիի հետ կատարվածի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը՝ Ադրբեջանից պահանջելով անհապաղ ազատ արձակել Մուխթարլիին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին