
Իսրայելցի զբոսաշրջային օպերատորները ծանոթանում են Հայաստանին
Եռօրյա ճանաչողական այցով Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ Իսրայելից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաղորդմամբ, այսօր նրանք հանդիպել են հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը:
«Գտնում ենք, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացումը բացի տնտեսական նշանակությունից ունի նաև երկու ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և զարգացման նշանակություն»,-ասել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը: Կողմերը փոխանակվել են անհրաժեշտ տեղեկություններով՝ հետագայում համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով:
17 զբոսաշրջային օպերատորների այցը Հայաստան կազմակերպվել է «Արմենիա» ավաիընկերության կողմից: