Միջազգային Ճգնաժամային Խումբը ԼՂ հակամարտության գոտում արձանագրում է լարավածության նկատելի աճ
Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են ռազմական գործողությունների վերսկսմանը 1994 թ.-ի հրադադարից ի վեր, գրում է «Միջազգային ճգնաժամային Խումբ»-ը (Internatinal Crisis Group) Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված իր հերթական զեկույցում։
Կազմակերպության պաշտոնական կայքէջում զետեղված զեկույցի հեղինակների պնդմամբ, 2016 թ-ի ապրիլյան պատերազմը հրահրող քաղաքական և անվտանգության գործոններն առավել սրված են։ Որպես ապացույց նրանք մատնանշում են սույն թվականի հունվար ամսից շփման գծի երկայնքով կիրառված ռազմատեխնիկայի տեսակներն ու հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունը։
«Բանակցային գործընթացը փակուղում է, ուժի կիրառումը դարձնելով հակամարտության լուծման առավել գրավիչ տարբերակ` առնվազն մարտավարական տեսակետից։ Այսօր հակամարտության երկու կողմերն ունեն մոբիլիզացված թիկունք և, կարծես, պատրաստ են նոր առճակատման։ Ընթացիկ լարվածությունը կարող է վերածվել ավելի լայնամասշտաբ պատերազմի և հանգեցնել քաղաքացիական զգալի կորուստների, ինչպես նաև դրդել տարածաշրջանային գերտերություններին միջամտել հակամարտությանը», - ասված է զեկույցում։
Նշվում է, թե միջնորդ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պետք է առկա անհամաձայնությունները մի կողմ դնեն և ճնշումներ բանեցնեն Բաքվի և Երևանի նկատմամբ փակուղուց դուրս գալու և բռնության նոր ալիքի ռիսկերը չեզոքացնելու նպատակով։
Հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված առաջնային գործուն քայլերի համար առաջարկվում է անհապաղ կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված կողմերի միջև պայմանավորվածությունները, մասնավորապես, շփման գծում հետքննությունների մեխանիզմի ներդրումն ու հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ավելացումը։
Ըստ փորձագետների, այն պետք է զուգորդվի երկու կողմերի դաշտային հրամանատարների միջև ուղիղ կապի հաստատմամբ։
Զեկույցի հեղինակները նշում են, թե պատերազմը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի շահերից։
«Երկու կողմերն էլ ունեն բալիստիկ հրթիռներ, որոնք ի զորու են թիրախավորել քաղաքացիական, տնտեսական և ռամզական ենթակառուցվածքներ երկու պետությունների տարածքում։ Երկու կողմերն էլ գիտակցում են նման զարգացմումների կործանիչ հետևանքները, այդ թվում խոշոր տարածաշրջանային տերությունների` Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավումը հակամարտութունում, որոնք ունեն ռազմական պայմանագրեր համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այնուհանդերձ, փոխադարձ զսպման այս գործոնն ամբողջապես չի չեզոքացնում սահմանափակ ռազմական օպերացիայի հնարավորությունը, որը նպատակ կհետապնդի գրավել որոշակի տարածքներ, ինչն էլ իր հերթին կարող է վերահսկողությունից դուրս գալ և վերածվել առավել խոշոր տարածաշրջանային պատերազմի», - ասված է փաստաթղթում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին