
Սանկտ Պետերբուրգում քննարկվել են Հայաստան-Իրան փոխգործողությունները
Այսօր Պետերբուրգյան Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետություն-Իրան երկկողմ տնտեսական հարաբերությունների ռեգիոնալ համագործակցության շրջանակներում Հայաստան-Իրան փոխգործողությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միություն-Իրան առևտրի ազատականացման բանակցությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն արձանագրել են թե՛ առկա փոխհարաբերությունների բարձր մակարդակը, թե՛ հետագա համագործակցության առավել խորացման հեռանկարը:
Համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել նաև Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ առկա ծրագրերը և առաջնահերթությունները, տարածաշրջանային ծրագրերում համագործակցության շարունակությունը և մի շարք այլ հարցեր:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները: