Թալիշի բերքը կհավաքեն թալիշցիները, այլ ոչ թե ուրիշները. Վիլեն Պետրոսյան
Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, որն Ապրիլյան պատերազմի օրերին ամենաշատ նյութական կորուստներն ունեցավ, այսօր արդեն կառուցապատման աշխատանքներ են իրականացվում: Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախ այցելած լրագրողներին մանրամասներ ներկայացրեց գյուղի վերակառուցման, վերաբնակեցման մասին:
«Թալիշում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կառուցվում են գյուղապետարանի և հանդիսությունների շենքերը, առաջիկա օրերին կսկսվեն նոր դպրոցի, մանկապարտեզի շենքերի կառուցման աշխատանքները: Նախատեսվում են ինչպես հին տների վերանորոգման, այնպես էլ՝ նորակառույցների շինարարություն: Մասնավորապես, շուտով կսկսվեն երեք տների կառուցման աշխատանքները»,- ասաց Վիլեն Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ Արցախի Հանրապետության կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի օր առաջ հրետակոծությունից վնասված ենթակառուցվածքները վերականգնվեն:
Ապրիլյան մարտական գործողություններից հետո անմիջապես գյուքագրել և հաշվարկել են բոլոր նյութական վնասները:
Առաջին փուլով կառավարությունը փոխհատուցել է թշնամու կողմից թալիշցիների վնասված մեքենաների գումարը: Երկրորդ փուլով, ըստ նրա, թալիշցիները փոխհատուցում կստանան հրետակոծության արդյունքում սատկած անասունների համար:
Վիլեն Պետրոսյանի խոսքով՝ անվտանգության առումով ևս աշխատանքներ են տարվում: «Թալիշում միշտ էլ եղել են կրակոցներ, 2013 թվականից սկսած՝ ժամանակ առ ժամանակ անգամ գյուղի ուղղությամբ, շրջակա տարածքներում պայթել են արկեր: Կարծում եմ՝ շատ սովորական էր դարձել բնակչության համար: Այսօր որոշակի չափով ավելացել է վտանգը, ուստի նոր կառուցվող տները կունենան ապաստարաններ նկուղային հարկերում: Դպրոցը, ընդհանուր ծառայության շենքներն ամբողջությամբ ապահովված կլինեն ապաստարաններով»,- նշեց Թալիշի համայնքապետը:
Խոսելով վերաբնակեցումից՝ Վիլեն Պետրոսյանն ասաց, որ թալիշեցիները ուզում են վերադառնալ գյուղ:
«Եթե ապրիլյան պատերազմից հետո Արցախում մնացել էին 130 բնակիչ, այսօրվա դրությամբ՝ 300 բնակիչ, որոնց մի մասը տեղակայված է Ալաշանում, իսկ մյուս կեսը՝ հանրապետության տարբեր շրջաններում և գյուղերում: Այսօր գյուղ վերադառանալու ցանկություն կա: 20-ից ավելի բնակիչներ, Թալիշում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, անասնապահությամբ, իսկ նրանց ընտանիքներն ապրում են Ալաշանում»,- ընդգծեց Վիլեն Պետրոսյանը՝ հավելելով, որ ներկայումս Ալաշանում տեղադրվել են 20 տնակներ, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ. «Հանրապետության նախագահին խնդրել ենք տրամադրել ևս տաս տնակներ, որը կնպաստի վերաբնակեցման ամբողջական գործընթացին»:
Ինչ վերաբերում է արտոնություններին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ այսօր Ալաշանի բնակիչները սպառած ջրի, էլեկտրաէներգիայի համար չեն վճարում: «Համոզված եմ, որ հետագայում երբ Թալիշը կվերաբնակեցվի, Թալիշին ոչ թե արտոնություններ կտան, այլ՝ հատուկ կարգավիճակ: Թալիշում տրվող արտոնությունները կտարբերվեն մնացած արտոնություններից»,- նշեց Վիլեն Պետրոսյանը:
Ըստ նրա՝ թալիշցիները կապ ունեն գյուղի հետ, և վստահ է, որ Թալիշը նորից ծաղկելու է:
«Թալիշում այս տարի լավ բերք է սպասվում, բնակիչները թափ կտան թութը, կհավաքեն Թալիշի բերքը, հենց նրանք, այլ ոչ թե ուրիշները»,- եզրափակելով խոսքն ասաց Վիլեն Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում