Ավտոբուսի կողաշրջման հետևանքով հիվանդանոցում է շարունակում մնալ մեկ երեխա
Հունիսի 2-ին «Լամբադա» կամրջի մոտ երթուղային ավտոբուսի կողաշրջման հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված բոլոր 6 քաղաքացիները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Panorama.am-ի թղթակցին այս մասին հայտնեցին նշված բուժհաստատությունից։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ տեղեկացրեցին, որ իրենց բուժհաստատություն տեղափոխված երեք երեխաներից երկուսը՝ 3 և 4 տարեկան տարեկան, երեկ դուրս են գրվել։ 12 տարեկան մի երեխա շարունակում է մնալ հիվանդանոցում։ Նա ենթարկվել է համակարգչային տոմոգրաֆիայի, որից հետո տեղափոխվել է նեյրովիրաբուժական բաժանմունք։ Երեխայի վիճակը բավարար է, կոպիտ շեղումներ և վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նկատվել է գլխապտույտ, գլխացավ, առկա է եղել բազկի սալջարդ։
«3 և 4 տարեկան երեխաները հետազոտվել են, վնասվածքաբանների, վիրաբույժների կոնսուլտացիա է տեղի ունեցել։ Նրանց մոտ պաթոլոգիա չի հայտնաբերվել»,- տեղեկացրեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի մոտ, երթուղային ավտոբուսը կողաշրջվել է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ կամրջի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, կողաշրջվել է թիվ 23 երթուղու «Իսուզու» մակնիշի 1881 Տ պետհամարանիշի ավտոբուսը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները (նախնական՝ 8 քաղաքացի) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոբուսից և հոսպիտալացվել Երևան քաղաքի տարբեր բուժհաստատություններ:
Հարակից հրապարակումներ`
- Նախնական տվյալներով, վթարի ենթարկված ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. Հ.Նավասարդյան
- Լամբադա կամրջի մոտ ավտոբուսը կողաշրջվել է