Թալալյան եղբայրների փառատոնն այս տարի նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին
Հունիսի 7- 29-ը տեղի կունենա Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի VIII փառատոնը, որը նվիրվում է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Փառատոնը իրականացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Փառատոնի կազմակերպիչը տեղեկացնում է, որ Թալալյան եղբայրների անվան ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներիհամար, պրոպագանդել դասական և հայ ակադեմիկ երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը:
Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված տարբեր կամերային կազմերի համար։
Փառատոնը առանձնակի կարևորում է մարզերում համերգային և կրթական ծրագրերի իրականացումը, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով կամերային երաժշտությունը և թավջութակ ու ալտ գործիքները։ Այս նպատակի իրականացման շրջանակներում նախատեսվում են համերգային ծրագրեր և վարպետության դասեր։
Այս տարի փառատոնի համերգային ծրագրերում նախատեսվում են այցելություններ Արագածոտնի( Աշտարակ), Կոտայքի (Աբովյան) մարզեր և Արցախ(Ստեփանակերտ):
Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմոռա Ռոսլեռին(Իսրայել, Հոլլանդիա): Կիրականացվեն համատեղ ծրագրեր Հայաստանի Լ. Մեծագործի անվ. տաճարականների միաբանության, « Փյունիկե հաշմանդամների միություն ՀԿ-ի, Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակի, «Հարմոնիում» ԵԶԿ Հասարակական Կազմակերպության,Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ:
Փառատոնի ընթացքում նախատեսվում է 6 համերգ: