2017թ-ը Հայաստանը մեկնարկել է կապիտալի փախուստով. առաջին եռամսյակի ցուցանիշները
Ինչպես և կանխատեսել էինք նախորդ տարի՝ 2017թ-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանից ներդրումների տեսքով 7,5 մլրդ դրամ ավելի շատ է արտահոսել, քան մուտք է գործել երկիր: Ընդ որում նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ՝ զուտ ներդրումները նվազել են 9,2 մլրդ դրամով:
Հատկանշական է, որ կապիտալի փախուստը Հայաստանից խոշոր չափեր է կրում պորտֆեյլային և այլ ներդրումների (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները) մասով, մինչդեռ ուղղակի ներդրումների պարագայում ներդրումների ծավալը դրական է:
Եթե 2016թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել էր 1,7 մլրդ դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ներդրումների արտահոսք՝ 7,5 մլրդ դրամի չափով:
Պետք է նկատել, որ 2017թ-ի առաջին եռամսյակի ընթացքում օտարերկրյա կապիտալի զուտ արտահոսքը գերակշռել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (13,5 մլրդ դրամ), Գերմանիա (6,2 մլրդ դրամ), Նիդերլանդներ (2,5 մլրդ դրամ), ԱՄՆ (2,4 մլրդ դրամ) և Վիրջինյան կղզիներ (1,8 մլրդ դրամ):
Կարևոր է նաև ընդգծել, որ նախորդ տարվա առաջին երեք ամիսների համեմատ այս տարի նույն ժամանակահատվածում 11,1 մլրդ դրամով նվազել են նաև Ռուսաստանից կատարվող ներդրումները: Կապիտալի փախուստը դեպի Ռուսաստան դրսևորվել է հիմնականում մեծածախ առևտրի, ցամաքային և խողովակաշարային տրանսպորտի, անշարժ գույքի հետ կապված գործունեության տեսակներում: