
Լևոն Մնացականյան. Սահմանին իրավիճակը գնահատվում է կայուն լարված
Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատվում է կայուն լարված, դեռևս չեն դիտվում զարգացման միտումներ: Այս մասին Արցախ այցելած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:
Ըստ նրա՝ նախորդ ամիսների համեմատ կա լարվածության որոշակի նվազում, չնայած ժամանակ առ ժամանակ լարվածության աճ նկատվում է, ինչը երկար չի տևում:
«Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, ապա բոլոր առումներով մի քանի անգամ լարվածությունը նվազել է: Կարելի է ասել, որ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են, դրանք արդեն չկան, վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը: Ինչ վերաբերում է տարբեր տրամաչափերի զենքերի կրակոցներին և խախտումներին, դրանք ևս մի քանի անգամ նվազել են: Համեմատած նախորդ տարվա հետ, 2017 թվականին խախտումների քանակը մի քանի անգամ քիչ է»,- ասաց Լևոն Մնացականյանը:
ՊԲ հրամանատարը նաև նշեց, որ հակառակորդի կրակոցները կրել են որակական տարբերություն. «Մեր կողմից տրվել են նպատակային այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն հետագայում հարվածներ հասցնել: Աշխատել ենք այնպիսի հարված հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին է, քան՝ մեզ պատճառվածը»։