Դոն Կիխոտի մասին 17 տարի շարունակ նկարահանվող ֆիլմն արդեն պատրաստ է
Բրիտանացի ռեժիսոր Թերրի Գիլիամը, ով 17 տարի աշխատում է «Մարդը, ով սպանեց Դոն Կիխոտին» ֆիլմի վրա, վերջապես հայտարարել է նկարահանումների ավարտի մասին: kp.ru-ի հաղորդմամբ, նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր սպասել են իր աշխատանքին:
«Ներեք երկար լռության համար: 17 տարի անց մենք ավարտում ենք «Մարդը, ով սպանեց Դոն Կիխոտին» ֆիլմը: Շնորհակալություն խմբին և մեզ հավատացողներին: Կիխոտ՝ Vive»,- ասել է նա:
Թերրի Գիլիամի ֆիլմը ժամանակակից կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաերկար նկարահանված կինոն է: Այս ֆիլմի առաջին տարբերակը սկսել են նկարահանել 2000 թվականին, բայց նկարահանող խմբի հետ մի քանի տհաճ միջադեպեր էին տեղի ունեցել, որոնց հիման վրա նկարահանվել էր «Լա-Մանչում կորածները» վավերագրական ֆիլմը:
Գիլիամը և իր թիմը վերադարձել են ֆիլմի նկարահանումներին 2016-ին: Ռեժիսորը խոստովանել է, որ նկարահանումների հենց առաջին օրը խումբը նոր խնդիրների է բախվել, բայց, չնայած դրանց, գործը հասցվել է ավարտին, և կինոսերները կարող է դիտել ֆիլմը: