«Դովլաթով» ֆիլմը վարձույթում կլինի 2017-ի վերջին
Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը վարձույթում կլինի 2017 թվականի վերջին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է «Լենֆիլմ» կինոընկերության տնօրեն Էդուարդ Պիչուգինը: Նա հայտնել է, որ կինոընկերությունը ֆիլմի նկարահանումներն ավարտել է:
Ֆիլմը նկարահանված է կենսագրական մելոդրամա ժանրում, գործողությունները տեղի են ունենում 1971 թվականին: Այն պատմում է հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի կյանքից չորս օրվա մասին:
Ռեժիսորը վերստեղծել է այդ ժամանակաշրջանին բնորոշ միջավայր՝ Լենինգրադի աշխարհիկ կյանքը 1970-ականներին, «Սայիգոն» սրճարանը, Դրամատիկական մեծ թատրոնը, «Լենֆիլմ» կինոստուդիան: Կինոֆիլմը բարձրացնում է ռուսական և եվրոպական մշակույթի համար հավերժական՝ բարոյական ընտրության հարցը:
Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան 34-ամյա Միլան Մարիչը, ֆիլմում խաղում են նաև՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Սվետլանա Խոդչենկովան և ուրիշներ:
Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ.-ի սեպտեմբերի 3-ին Ուֆա քաղաքում: Նրա հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ 1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում: 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին և ուրիշները։ Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990թ.-ի օգոստոսի 24-ին: Թաղված է Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում: