Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը
Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի, Իրաքի, Օմանի և Ինդոնեզիայի իր գործընկերների հետ,-հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հայտարարել են, որ Կատարի հետ խզում են դիվանագիտական հարաբերությունները: Կատարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ:
«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով վերոշյալ իրադարձությանը, մասնավորապես ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն իր մտահոգությունն է հայտնում Պարսից ծոցում՝ իր հարավային հարևանների հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ:
Իրանը հույս է հայտնում, որ հարևան երեք երկրների միջև առկա տարաձայնությունները քաղաքական երկխոսության ճանապարհով խաղաղ հանգուցալուծում կստանան: Անկայուն տարածաշրջանում իրավիճակի սրումը չի բխում ոչ մի երկրի շահերից»:
Հավելենք, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Համիդ Աբութալեբին «Թվիթերի» իր էջում անդրադառնալով Կատարի շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես գրել է. «Դաշինքներ կազմելու, մեծ եղբայր հանդիսանալու ժամանակներն անցել են: Քաղաքական գերակայություն հաստատելու ձգտումը, օկուպացիան, հարձակումը բացի անկայունությունից՝ ուրիշ արդյունքի չեն կարող հանգեցնել:
Պատժամիջոցներ սահմանելու ժամանակները ևս անցել են. դիվանագիտական հարաբերությունների խզումը, սահմանների փակումը հարցի լուծում չէ: Դաշինքնի փլուզումը Սաուդյան Արաբիայում սուսերով պարի առաջին արդյունքն է»: