Մոլորակն արդարացիորեն վանում է մարդկությանը. Կարինե Դանիելյան
Հայաստանում բնապահպանական խնդիրները բազմաթիվ են: Իսկ ահա մարդիկ բաժանվում են երեք խմբի՝ մարդիկ, ովքեր բնությունից անխնա վերցնում են և կործանում այն, մարդիկ, ովքեր խիստ պասիվ են բնապահպանական խնդիրների նկատմամբ և վերջապես սրտացավ մարդիկ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց բնապահպան Մովսես Մանուկյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում բնությանը թիվ մեկ վնասը հասցնող ոլորտը հանքարդյունաբերությունն է. «Այն ուղղակի ավերում է շրջակա միջավայրը: Ասվածի լավագույնն Ամուլսարի հանքավայրն է»:
Ասուլիսին ներկա բնապահպան Կարինե Դանիելյանը համաձայնեց իր գործընկերոջ հետ՝ նկատելով, որ հանքարդյունաբերությունից տուժել են հատկապես Լոռին և Սյունիքը: Մահացության ամենաբարձր մակարդակը, ըստ այդմ, գրանցվել է հենց Լոռու մարզում:
«Մեր գետերն այնպես են տուժել, որ ուղղակի կորցնում ենք դրանք: Մեր ագահությունը սահման չունի, ինչն ամենացայտուն կերպով արտահայտվել է քաղաքաշինության մեջ: Մի խումբ մարդիկ փորձում են արագ հարստանալ՝ այդ ճանապարհին հաշվի չառնելով բնապահպանական ոչ մի խնդիր: Իսկ մոլորակն արդարացիորեն վանում է մարդկությանը»,- փաստեց բնապահպանը:
Երևանի պետական համալսարանի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանն իր հերթին հավելեց, որ բնության պահպանությունը չի կարող սահմանափակվել մեկ պետության պայքարի շրջանակներում, դա համընդհանուր, մեծ գործ է:
«Հասարակական բողոքը և մամուլը շատ մեծ դեր ունեն: Լրատվամիջոցները մշտապես պետք է ահազանգեն բնապահպանական ոլորտի խնդիրների մասին»,- համոզմունք հայտնեց բանախոսը: