Արծվիկ Մինասյան. Շրջակա միջավայրը մաքուր պահելը դաստիարակության հարց է
Պետք է սրտացավ վերաբերվել մեր ապագային և կարողանալ համատեղ ջանքերով պահպանել շրջակա միջավայրը: Այսօր՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և Բնապահպանի օրվան նվիրված տոնական միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա օրվա տոնի կապակցությամբ շնորհավորեց բոլոր մարդկանց, ում համար շրջակա միջավայրի պահպանությունը ոչ թե խոսք է, այլ էություն և ապրելակերպ:
Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան անդրադարձավ բնության վրա հանքարդյունաբերության վնասակար ազդեցության թեմային՝ նշելով, որ հանքարդյունաբերությունը, ի թիվս բազմաթիվ վնասների, կարող է էականորեն վնասներ պատճառել ջրային ռեսուրսներին, օդային ավազանին և կանաչ տարածքներին:
«Հանքարդյունաբերությունն աշխարհում համարվում է այն հիմնական ուղղությունը, որտեղ չափանիշներն ու պահանջները շատ խիստ են: Մենք ևս փորձում ենք այնպիսի նորմեր առաջադրել, որ թե շահագործման, և թե պոչամբարների բացասական դրսևորումները կարողանանք նվազագույնի հասցնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Բնապահպանության նախարարը, անդրադառնալով կառավարության կողմից նախաձեռնած «Մաքուր Հայաստան» նախագծին, շեշտեց, որ շրջակա միջավայրը մաքուր պահելը դաստիարակության և կենսակերպի հարց է, որին գիտակցաբար պետք է մոտենա յուրաքանչյուր անձ:
Ինչ վերաբերում է պոլիէթիլենային տոպրակները շրջանառությունից հանելու առաջարկներին՝ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ առնվազն երկու գերատեսչություն՝ Տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպե նաև Բնապահպանության նախարարությունը, ունեն մշակված հայեցակարգ՝ ոչ միայն շրջանառությունից հանելու պոլիէթիլենային տոպրակները, այլ նաև դրանք փոխարինելու նոր կենսամիջոցներով:
Նախարարը խիստ կարևորեց բնությունը պահպանելու մշակույթը դեռ վաղ տարիքից երեխայի մեջ արմատավորելու պրակտիկան: Ըստ այդմ՝ Բնապահպանության նախարարությունը մինչև տարեվերջ էկոդաստիրակության հայեցակարգ ներկայացնելու պարտավորություն է ստանձնել:
Անդրադառնալով աղբի վերամշակման գործարաններ հիմնելուն՝ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը ներկայումս նախաձեռնում է դրամաշնորհային ծրագրերով աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:
«Հույս ունեմ, որ գործընթացում կներգրավվի նաև մասնավոր հատվածը: Միայն բյուջետային միջոցներով դրական արդյունքների հասնելը շատ դժվար է»,- ամփոփեց պաշտոնյան: