Ադրբեջանցի լրագրողի ձերբակալությունը ընդդիմությանը լռեցնելու փորձ է. Սերգեյ Մինասյան
Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի ձերբակալությունը լիովին տեղավորվում է Ադրբեջանի իշխանությունների՝ իրենց դեմ ցանկացած խոսք լռեցնելու տրամաբանության մեջ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
«Սա նմանօրինակ գործընթացների մի մասն է, որը փաստացի կապված է ռեժիմն ամեն գնով պահպանելու Ալիևի մոլուցքի հետ։ Մարդիկ, ովքեր հակաալիևյան մոտեցումներ ունեն, այս կամ այն կերպ խնդիրների առջև են կանգնում։ Հիշենք ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը։ Իհարկե, նրան Բաքվին արտահանձնեցին Արցախ այցելելու պատրվակով, սակայն առավել գլխավորն այն էր, որ նա համարձակվել էր խոսել ալիևյան ռեժիմի դեմ»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ որդի Ալիևը ընդդիմադիր ուժերին լռեցնել փորձում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Սերգեյ Մինասյանի խոսքով, Աֆղան Մուխթարլըի ձերբակալության գործը բավական յուրօրինակ նրբերանգներ ունի՝ սկսած Վրաստանի իշխանությունների արագ արձագանքից, վերջացրած միջազգային հանրության արձագանքով։ Սակայն կարելի է միանշանակ պնդել, որ սա նմանօրինակ վերջին միջադեպը չի լինելու։ Ադրբեջանի կողմից բռնաճնշումների քայլերը ավելի հաճախակի են դառնալու, քանի որ երկրում խորացող սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը բողոքի նորանոր ալիքներ է ծնելու։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Աֆգար Մուխթարլին, ով Ադրբեջանից Վրաստան էր տեղափոխվել 2015թ․-ին՝ լրագրողական հետաքննության համար ստացած սպառնալիքների պատճառով, մայիսի 29-ին անհետացել էր Վրաստանից։ Այնուհետ պարզվել էր, որ Մուխթարլին գտնվում է Բաքվում ու ձերբակալված է։ Մուխթարլին մեղադրվում է մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահ․Մենք պետք է Կոպերֆիլդին հարցնենք, թե ինչպես ադրբեջանցի լրագրողը Վրաստանից հայտնվեց Ադրբեջանում
- ԵԽ-ն առաջին կարգի ահազանգ է հնչեցնում Վրաստանից առևանգված, Ադրբեջանում ձերբակալված լրագրողի գործով
- ԵԽ հանձնակատար․ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Վրաստանից առևանգված լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան