Վերաբնակեցման ծրագիրը համահայկական խնդիր է. Արցախի վարչապետ
Արցախում գյուղատնտեսության զարգացման համար կան բոլոր նախադրյալները, ուղղակի անհրաժեշտ են շատ ներդրումներ: Այս մասին Արցախ այցելած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Ազատագրված տարածքներում ոռոգովի աշխատանք իրականացնելու համար միլիարդավոր ներդրումներ են անհրաժեշտ: Չունենք այդ ռեսուրսը, բայց քայլ առ քայլ անում ենք հնարավորը»,- նշեց վարչապետը և հավելեց, որ գյուղատնտեսության առումով ունեն զարգացման հայեցակարգ:
Մասնավորապես, այգեգործության նոր նախագիծ են ուզում սկսել, որը կնպաստի առաջիկա 10 տարիների ընթացքում Արցախի տնտեսության զարգացմանը:
Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ նախորդ տարի գրանցվել է ռեկորդային բերք, նախնական հաշվարկներով այս տարի ևս վատ բերք չի լինի:
«Այս տարի ցանքատարածությունները մի քիչ մեծացրել ենք, դրա համար հնարավոր է բերքատվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազի, բայց համախառն արտադրանքով չենք զիջելու: Ընդհանուր առմամբ, գոհ ենք աշխատանքներից, մեր գյուղատնտեսական նախագծերը սկսում են իրենց պտուղներն արդեն տալ»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով ազատագրված տարածքներում վերաբնակեցման խնդրին՝ վարչապետն ասաց, որ այդ ուղղությամբ կառավարությունը հսկայական աշխատանք է իրականացնում:
«Վերաբնակեցման առումով կառավարությունն անում է ավելին, քան հնարավոր է, բայց նշեմ, որ վերաբնակեցման ծրագիրը արցախյան խնդիր չէ միայն. դա անվտանգության համահայկական խնդիր է: 1000 հոգի վերաբնակեցնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Այսօր Արցախի ամենամեծ խնդիրը բնակարանային խնդիրն է: Այսօր տներ ենք կառուցում Իշխանաձորում՝ տարբեր տեղերից միջոցներ հայթայթելով: Միջնավանում, օրինակ, կառուցվում են 8 հատ մեկ հարկանի, տներ»,- ասաց Արայիկ Հարությունյանը: