Հայկական գյուղմթերքը կհասնի էմիրաթական շուկա
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» ՓԲԸ տնօրեն Նորայր Աղայանն այսօր հուշագիր են ստորագրել: Փաստաթղթի նպատակը Հայաստանում արտադրվող գյուղմթերքի և այլ արտադրատեսակների արտահանումը և իրացումն է Մերձավոր Արևելքի շուկաներում, ինչպես նաև «հայկական արտադրանք» ապրանքանիշի ներկայացումը և առաջմղումը: Հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Կարայանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է, թե ինչ գործիքակազմով նախարարությունը կարող է աջակցել արտահանմանը:
«Արտահանումը կարելի է իրականացնել՝ օգտվելով պետության կողմից տրամադրվող արտահանման ապահովագրությունից, ինչպես նաև հնարավորություն կտանք այն ընկերություններին և ֆերմերներին, որոնք կմատակարարեն գյուղմթերքը, օգտվելու նախաարտահանման ապահովագրությունից»,-նշել է Սուրեն Կարայանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ անցկացնել լոգիստիկ-տրանսպորտային ընկերություններրի հետ, որոնք կարող են նվազագույն արժեքով փոխադրումներ իրականացնել դեպի Ծոցի երկրներ: Քննարկվել է նաև բեռնատար ինքնաթիռների միջոցով մթերքի փոխադրման հնարավորությունը: «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ծրագրում են 2017 թվականին առնվազն 500-600 տոննա գյուղմթերք արտահանել Ծոցի երկրների շուկաներ:
«Ջանֆիդա Ագրի Հոլդինգ»-ի տնօրեն Նորայր Աղայանը նշել է, որ տեղական որակյալ գյուղմթերքի համար լավ հնավարություններ կան՝ իրացվելու ԱՄԷ շուկայում:
«Վստահ ենք, որ այս հուշագրով կարող ենք հասնել առկա խնդիրների ամբողջական լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով տեղական արտադրողի մուտքը դեպի նոր շուկա: Էմիրաթցի սպառողին հատկապես հետաքրքիր է ծնեբեկը, մրգերը՝ ծիրան, սալոր, դեղձ, կեռաս, ինչպես նաև բանջարեղենը՝ սեխ, ձմերուկ, քաղցր եգիպտացորեն: Մենք ունենք Էմիրություններ արտահանման փորձ, և այն կօգնի ապահովել իրենց չափանիշներին համապատասխանող որակյալ արտադրանքի իրացումը ԱՄԷ-ում և Ծոցի երկրներում»,- ասել է Նորայր Աղայանը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև արտահանվող մթերքի փաթեթավորման խնդիրներին՝ դիտարկելով արաբական շուկայի պահանջներին համապատասխանող փաթեթավորման ապահովման տարբերակները:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի տնտեսագետ. Հայկական գյուղմթերքն ադրբեջանականից որակյալ է
- Գյուղնախարար. Անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել տեղական գյուղմթերքի մրցունակության բարձրացմանը, որպեսզի ներկրվողը չհայտնվի շահեկան վիճակում
- Նախատեսվում է ստեղծել ընկերություն, որը կզբաղվի հայկական գյուղմթերքների շուկաների որոնմամբ. վարչապետ
- Փոխնախարար. Ռուս գործարարներն այս օրերին լուրջ հետաքրքրված են հայկական գյուղմթերքներով
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին