Beeline-ի աջակցությամբ կայացել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը
Beeline-ի աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի է ունեցել համերգ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների մասնակցությամբ,- հայտնում են Beeline Հայաստանի հասարակայնության հետ կապերի ծառայությունic:
«Մենք պարբերաբար կազմակերպում ենք նմանատիպ համերգներ։ Դա շատ կարևոր է երիտասարդ երաժիշտների համար, քանի որ նման համերգները յուրօրինակ քննություն են հանդիսանում նրանց համար։ Հանդիսատեսի առաջ ելույթ ունենալով՝ նրանք կարող են ցույց տալ իրենց միջանկյալ աշխատանքի արդյունքները և վերահաստատել իրենց ստեղծագործական ներուժը և զարգացման հեռանկարները։ Beeline-ն երկար տարիների ընթացքում հնարավորություն է տալիս մեզ և երիտասարդ երաժիշտներին հետևողական աշխատել՝ զարգացնել ունակությունները, բարձունքների հասնել, տարեցտարի կազմել մասնագիտական զարգացման ծրագիր։ Մեզ համար շատ կարևոր է այսպիսի հետևողական աջակցությունը, քանի որ այն վաղվա օրվա հանդեպ վստահություն է ներշնչում։ Մենք շնորհակալ ենք Beeline-ին համագործակցության համար», - ասել է Կարեն Քոչարյանը՝ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը և Խաչատրյանի անվան եռյակի թավջութակահարը։
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը մենք դիտարկում ենք, որպես երկարաժամկետ ներդրում աճող սերնդի զարգացման գործընթացում: Ես ուրախ եմ տեսնել, որ մեր ներդրումն իր պտուղներն է տալիս ի դեմս երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների, ովքեր այսօր ելույթ ունեցան մեր առջև: Beeline-ը շարունակում է աջակցել հիմնադրամի գործունեությանը, քանի որ համարում է, որ այս ոլորտին աջակցությունը կդարձնի մարդկանց կյանքը էլ ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Համերգին մասնակցել են՝ երիտասարդ դաշնակահար Գուր Սարգսյանը, որը վերջերս երկրորդ տեղն է զբաղեցրել Թիֆլիսում անցկացված Դաշնակահարների Միջազգային մրցույթում, ալտահար Հովհաննես Մինասյանը և ջութակահար Սոնա Արզումանյանը։ Համերգին ելույթ ունեցան նաև «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ և Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներ՝ դաշնակահար Արմինե Գրիգորյանը և ջութակահար Կարեն Շահգալդյանը։
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։