«Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 9-16-ը:
Լրագրողների հետ հանդիպմանը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ այս փառատոնը հայկական իրականության մեջ ոչ միայն կինոյի տոն է, նաև մշակույթի տոն, ամեն տարի կարողանում է ջերմություն, ուրախություն բերել Հայաստան:
««Ոսկե ծիրան» կինոփառատոնը կինոյի զարգացման մեր հայեցակարգում կարևորագույն, լրջագույն դերակատարություն է ունենալու: Այս փառատոնը հարթակ է, որտեղ մտքեր են փոխանակում կինոարտադրողները, կինոգործիչները, այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այդ դաշտով: Այս առումով «Ոսկե ծիրան»-ը կարող է մեծ դերակատարություն ունենալ Հայաստանի կինոյի զարգացման գործում»,- ասաց Ա.Ամիրյանը:
Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
«14 տարի շարունակ ընկերությունը լրջագույն մոտեցում է ցուցաբերում կինոյի զարգացմանը: Եթե չլիներ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, միայն պետության միջոցներով հնարավոր չէր լինի հասնել նրան, ինչին հասել ենք»,- նշեց մշակույթի նախարարը:
Ասուլիսին ներկա ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում, ձևավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն և սերունդներ դաստիարակում:
«Այս փառատոնն այդ կարևոր միջոցառումներից է, որը արժեհամակարգ ձևավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երևույթ է: Մենք կանգնած ենք այս փառատոնի կողքին, որն ամեն տարի արդարացնում է իր առաքելությունը, որն արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար»,- ասաց նա:
Ռ. Յիրիկյանի խոսքով, հաջորդ տարի փառատոնի համար հոբելյանական է. «Կփորձենք հոբելյանական տարում ևս կանգնել փառատոնի կողքին»:
Փառատոնն այս տարի ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը