Համանախագահներին ներկայացնելու ենք իրենց վերջին այցից մինչև հունիսի 10-ը հակառակորդի բոլոր խախտումները. ՊԲ հրամանատար
«Ադրբեջանը միշտ էլ աշխատել է, որպեսզի լարվածությունն առաջնագծում պահպանվի, աշխատել է վնասներ հասցնել հայկական կողմին, մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համարժեք պատասխան տանք, և անհրաժեշտության դեպքում, նպատակահարմարությունից ելնելով վերջնական հակահարված տանք»,- այս մասին Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Նրա խոսքերով՝ հունիսի 10-ին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այց Արցախ:
«Մենք ներկայացնելու ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր, ներկայացնելու ենք իրենց վերջին այցից մինչև հունիսի 10-ը հակառակորդի կողմից թույլ տված բոլոր խախտումները և մեր կողմից տրված պատասխանները: Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ապա հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել նման մեխանիզմների ներդրմանը: Այստեղ ադրբեջանական կողմն է, որ ամեն առիթով աշխատել է, որպեսզի խոչընդոտի: Բայց կարելի է ասել, այդ մեխանիզմները մեր կողմից ներդրվում է ու անհրաժեշտության դեպքում կօգտագործենք»,- ասաց Լևոն Մնացականյանը և հավելեց, որ համանախագահներն էլ են կողմնակից նման մեխանիզմների ներդրմանը:
Անդրադառնալով նոր մեկնարկելիք զորակոչին՝ Լևոն Մնացականյանը նորակոչիկներին ցանկացավ եռանդով ներկայանալ զինկոմիսարիատներ, ծառայության վայրեր և որ համոզված լինեն, որ կա նրանց կարիքը:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրենց հետագա ծառայությունն անցնի անվտանգ, բանակային կյանքին հարմարվելու փուլն ավելի սահուն անցնի և որոշակի պատրաստություն անցնելուց հետո՝ ընդգրկվելով մարտական հերթապահության մեջ, նրանք մասնակիցը կլինեն մեր անվտանգությանը: Իրենց ցանկանում եմ անփորձանք, անվտանգ ծառայություն և խաղաղություն»,- ասաց ՊԲ հրամանատարը: