Կաննում արձանագրել ենք մի քանի քայլ առաջ. նախարար
«Կաննի այս տարվա կինոշուկայում արձանագրել ենք ոչ թե քայլ առաջ, այլ նախորդ տարիների համեմատ մի քանի քայլ առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե գո՞հ եք Կաննի կինոշուկայում հայկական տաղավարում ներկայացված ֆիլմերից:
Նա նշեց, որ այս տարի կինոփառատոնի արդյունքներով ունեն մի քանի կարևորագույն, լրջագույն ֆիլմերի հետ կապված բանակցություններ:
«Մեկի մասին կարող եմ բարձրացնել, բայց ոչ ավելին, քանի որ կոմերցիոն գաղտնիք է: Արտավազդ Փելեշյանի ֆիլմի ստեղծման հետ կապված արդեն ունենք համաարտադրողների հետ պայմանավորվածություն»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը կայացել է մայիսի 17-28-ը: Հայաստանն Կաննի կինոշուկայում մասնակցել է 8-րդ անգամ։ Այս տարի առաջին անգամ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր Կաննի կինոշուկային մասնակցելու համար կինոնախագծերի մրցույթ։ Ստացված 12 հայտից մասնագիտական հանձնաժողովը ընտրել էր երեքը. լիամետրաժ խաղարկային նախագիծ՝ երիտասարդ ռեժիսոր Սերգո Ուստյանի «Փոխանակում» ֆիլմը, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ արտադրություն է, լիամետրաժ խաղարկային-անիմացիոն նախագիծ՝ «Բարս Մեդիա» ընկերության ներկայացրած, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի արշալույսը», որը նույնպես միջազգային համաարտադրող ունի և մեկ ոչ խաղարկային՝ կրկին երիտասարդ ռեժիսոր Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» նախագիծը Ֆրանսիայի հետ համատեղ։