Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
«Մեր փառատոնի շրջանակում փորձում ենք աշխարհի լավագույն ֆիլմերը բերել Հայաստան: Ութ լավագույն ֆիլմ ենք բերել Կաննի փառատոնից, Բեռլինի և Վենետիկի հաղթանակած ֆիլմերը, Ռոտերդամի լավագույն երեք ֆիլմը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ ներկայացնելով «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերը:
Նրա խոսքով, կինոսիրողների, կինոդիտողների համար փառատոնային օրերին «աչքի և հոգու խրախճանք» է սպասվում:
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 9-16-ը: Փառատոնն այս տարի ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: Ֆիլմերը ներկայացվելու են ոչ միայն երևանյան կինոթատրոններում, նաև շարժական կինոթատրոնների միջոցով քաղաքի յոթ կետում լինելու են շարժական կինոցուցադրություններ:
Ասուլիսին ներկա փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ փառատոների մակարդակը մեծ չափով կախված է ժյուրիների հեղինակությունից և ծրագրերի գեղարվեստական որակից:
«Սա ընդունելով՝ մենք ամեն տարի աշխատում ենք, որ ժյուրիի կազմում հեղինակավոր կինոգործիչներ ընդգրկվեն, որովհետև մասնակցի համար շատ կարևոր է, թե ով է իրեն դատում, ում ձեռքից է ինքն այդ մրցանակը ստանում»,- նշեց նա:
Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորելու է է բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը, վավերագրական մրցույթի ժյուրին գլխավորելու է ԱՄՆ-ից վավերագրող Յուջին Քորը: «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթը, Մ.Ստամբոլցյանի խոսքով, ցանկացել են, որ ղեկավարի հայ ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հայտնեց, որ փառատոնը բացվելու է Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմով: Այս տարի լրանում է ֆիլմի 90- ամյակը: Պարսկաստանում փասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է: Ֆիլմը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:
«Մենք ուզում ենք անպայման պատճաշ ձևով ներկայացնեք մեր հայկական կինոն մեր փառատոնի հյուրերին, ովքեր գալիս են Հայաստան՝ ճանաչելու նաև հայկական մշակույթն ու կինոն: Մեր ընտրած ձևաչափն է՝ համր ֆիլմը ներկայացնել կենդանի երաժշտությամբ»,- ասաց նա:
Փառատոնը փակվելու է ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017թ.) ֆիլմով: Հայկական ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացման մտադրությամբ» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում:
«Ֆիլմը պատմում է «Խոստում» ֆիլմի նկարահանումների մասին: Բայց դա ընդամենն առիթ է, որպեսզի ռեժիսորը, վավերագրողը խորանա այդ թեմայի մեջ, վերծանի և էկրան բարձրացնի բոլոր վերապրածների դոկումենտալ կադրերը, խոսի այն մարդկանց, ռեժիսորների հետ, ովքեր արդեն նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր, և ոչ միայն հայ ռեժիսորների: Իսկապես, այս ֆիլմը միջազգային կինոհանրության կողմից Ցեղասպանության թեման վեր բարձրացնելու և տարածելու շատ յուրահատուկ նմուշ է»,- ասաց Ս. Հարությունյանը:
Փառատոնի կազմակերպիչների խոսքով, «Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով: Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվեն Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի, Սերգեյ Իսրայելյանի աստղերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին