Արման Սաղաթելյանն աշխատանքային շուկայի «փակ դռները» բուհ-ը նոր ավարտածների համար բացելու հարցում համագործակցության կոչ է անում
ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը բուհ-ը նոր ավարտածների համար աշխատանքային շուկայի «փակ դռները» բացելու հարցում համագործակցության կոչ է անում: Նա մտադիր է որոնել խնդրի լուծումները, հարկ եղած դեպքում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը գրել է.
«Իմ բազմամյա աշխատանքային պրակտիկայի ընթացքում շատ հաճախ հանդիպել եմ մեկ խնդրի. «լավ երեխա է շատ, կարմիր դիպլոմով լավ սովորել է, մի տեղ չունե՞ք՝ գա աշխատի»։ Որպես կանոն պարզվում էր, որ «երեխան» իրոք լավն էր, բայց կարմիր դիպլոմը բավարար չէ, իսկ պրակտիկ գիտելիքներն ու փորձը՝ զրո։
Իհարկե, եթե հումքը լավն է, կարելի է մեկ-երկու տարում շատ բան սովորեցնել, բայց ո՞ր գործատուն ունի դրա ժամանակը, հավեսն ու հնարավորությունը: Բոլորին անհրաժեշտ են աշխատանքային փորձով մարդիկ, իսկ բուհ-երը, որպես կանոն, ի վիճակի չեն ուսումնառությանը զուգահեռ ապահովել որակյալ պրակտիկա, քանի որ ոչ ոք պարտավոր չէ ծախսել ժամանակ ու ռեսուրս բուհից ուղարկած ուսանողներին բան սովորեցնելու։
Արդյունքում «պրակտիկան» հաճախ դառնում է ֆորմալ բան և ավելի շատ նմանվում էքսկուրսիայի, մինչդեռ բուհ-ն ավարտածներից գործատուն շարունակում է պահանջել փորձ, և շղթան կրկնվում է։ Տարեկան մենք ունենք մի քանի հազար շրջանավարտ, որոնցից պահանջում են փորձ, ինչն իրենք չունեն։ Խնդրին առնչվել եմ թե որպես դասախոս ու ամբիոնի ղեկավար, թե որպես գործատու։
Համոզված եմ, որ կարող են լինել այս փակ շղթայից դուրս գալու լուծումներ, և ես, որպես պատգամավոր, մտադիր եմ այդ լուծումները որոնել և, եթե հարկ լինի իրավական լուծումների, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Եթե իմ ընկերների շարքում կան մարդիկ, որոնք աշխատել են այս հարցի շուրջ, ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրների փորձը եւ կցանկանան օգնել ու մասնակցել գործընթացին՝ խնդրում եմ արձագանքել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան