Միջազգային չափանիշներին հարիր կրթագիտական միավոր է սկսում իր գործունեությունը մեր համալսարանում. Ո. Մարուխյան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Գերազանցության կենտրոնի բացումը համալսարանի համար նշանակալից իրադարձություն է,- այսօր բացման արարողության ժամանակ ելույթի խոսքում նշեց համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում էր ստեղծել այնպիսի կենտրոն, որը մոտակա հեռանկարում կարող է դառնալ տարածաշրջանային՝ իր բոլոր հնարավորություններով։
«Տեղադրված սարքավորումների առաջին խմբաքանակը, որը ստացել ենք մոտ օրերս, արդեն պատրաստ է էներգետիկայի ոլորտի համար մասնագիտական պատրաստություն անցնող ուսանողական համակազմին անհրաժեշտ ուսումնական գործառույթներ ապահովելուն։ Կենտրոնը նաև կարող է հիմք ծառայել արտադրության, մասնավորապես՝ ցանցային ձեռնարկությունների անձնակազմի վերաորակավորման և վերապատրաստման համար։ Վստահեցնում եմ, որ միջազգային չափանիշներին հարիր կրթագիտական միավոր է սկսում իր գործունեությունը մեր համալսարանում»,-ասաց ռեկտորը։
Նշենք, որ գերազանցության կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Գերազանցության կենտրոնը Երևանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և ֆրանսիական կազմակերպության միջև Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց։
«Ազգային մասնագիտական համալսարանի հետ այս համագործակցությունը ճանապարհ կհարթի Հայաստանում շուկային նորանոր տեխնոլոգիաների համաշխարհային փորձի ներդրման համար։ Սա շատ ճիշտ սկիզբ է, քանի որ մի քանի տարի հետո համաշխարհային ողջ հանրության ուշադրության կենտրոնում լինելու է խելացի մոտեցումը էներգառեսուրսների նկատմամբ»,- ասաց բացման արարողությանը ներկա ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով՝ այսուհետ հարյուրավոր ուսանողներ, երիտասարդ գիտնականներ հնարավորություն են ունենալու այս կենտրոնի միջոցով շփվելու համաշխարհային լավագույն փորձի հետ, ստանալ այն գիտելիքները, որոնք հետագայում կկիրառվեն երկրի տարբեր բնագավառներում.«Սրանով մենք ստեղծում ենք նաև մի նոր մշակույթ՝ գործատու-ապագա աշխատող-ուսանող փոխհարաբերություններում»։
«Տաշիր» ընկերությունների խմբի հայաստանյան ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից մեքենաշինական և էներգետիկայի ֆակուլտետների բոլոր գերազանց ուսանողները այսուհետ ամսական ստանալու են 500 դոլարին համարժեք կրթաթոշակ. «Նոր սերնդի էներգետիկները կարող են իրենց կրթաթոշակով և իրենց հոգսերը հոգալ, և խորանալ գիտության մեջ, որպեսզի մենք այս բնագավառում երբեք լավ կադրերի խնդիր չունենանք։ Այս պահին 30 հոգի ստանալու են կրթաթոշակ, բայց հուսով ենք այն կեռապատկվի»։
Նարեկ Կարապետյանը հավելեց նաև, որ բացի այս կենտրոնից, պլանավորում են մի քանի համաշխարհային այլ ընկերությունների լաբորատորիաներ բերել Հայաստան և ունենալ գիտական կենտրոններ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան