Հեռուստատեսությունը պետք է իր առաջարկով ձևավորի պահանջարկ. նախարար
Հեռուստաընկերությունների համար սերիալները ֆինանսական և դիտողականության խնդիր են լուծում: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական հեռուստաալիքներով շատ են հնդկական սերիալներ ցուցադրվում, ի՞նչ խնդիր են դրանք լուծում:
«Հեռուստատեսությունը, ինչպես նաև մշակույթի, արվեստի բոլոր տեսակները պետք է առաջնորդվեն ոչ թե պահանջարկով, այլ իրենց առաջարկով ձևավորեն պահանջարկ: Այս առումով մշակույթի նախարարությունը ևս ծրագիր ունի, և մենք համագործակցում ենք տարբեր մասնավոր հեռուստաընկերությունների հետ»,- նշեց նախարարը:
Ա. Ամիրյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից Հանրային հեռուստատեսության հետ համատեղ արտադրում են բազմասերիանոց գեղարվեստական կինոնկար, ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը:
«Այդ գեղարվեստական ֆիլմն իր որակով հակակշիռ կդառնա այն սերիալներին, որոնք այսօր եթերում գոյություն ունեն,- ասաց մշակույթի նախարարը: