Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնավորեցումն առավել քան անթույլատրելի է. Ի.Տոնոյան
«Կառավարությունն ունի մեկ նպատակ՝ ներդրումների ներգրավման ճանապարհով արդիականացնել գործունեությունը»,-Ազգային ժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Իվետա Տոնոյանի հարցին, թե «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցումն անթույլատրելի է, քանի որ պետության ներքո գտնվող միակ հիմնարկն է, որն իրականացնում է քաղցկեղի բուժում:
Ա. Սահակյանն ընդգծեց, որ մասնավորեցում չի նշանակում, որ այդ ինստիտուտը վերանում է:
«Ինստիտուտը շարունակելու է աշխատել նույն սկզբունքով, նույն ձևով: Օրենքում հստակ պարտավորություններ են սահմանվելու, առավել ևս ինստիտուտը պրոֆիլը պետք է պահպանի»,- նշեց նա:
Ա. Սահակյանն ասաց, որ ծրագրում ընդգրկված առողջապահության ոլորտի ընկերություններն արդիականացման կարիք ունեն:
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյաննը նշեց, որ ներդրումներ բերելն անթույլատրելի է կազմակերպել միայն գույքի վաճառքով: Նա նաև հավելեց, որ ցուցակում կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, ինչը պետք է հանվի:
«Պետք է հասարակական քննարկում կազմակերպվեր, չեմ հասկանում սրա հրատապությունը»,- նշեց «Ելք» դաշինք խմբակցության քարտուղարը:
Արման Սահակյանն արձագանքեց, որ գույքը չեն վաճառում, այլ բաժնետոմսերը:
Հարակից հրապարակումներ`
- 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում ընդգրկված է 47 ընկերություն
- Տնտեսագետ. Հայաստանում մասնավորեցումը արմնատապես հակասել է մասնավորեցման սկզբունքներին
- «Հայֆիլմ»-ը, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ մասնավորեցման ծրագրում