Գողացված քարտով բանկոմատից գումար են կանխիկացրել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացրած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 8-ին երթուղային տաքսու մեջ հափշտակել են քաղաքացու դրամապանակը, որի մեջ գտնվել է կանխիկ գումար և բանկային քարտ: Օրեր անց՝ մայիսի 10-ին, գողացված բանկային քարտով բանկոմատից կանխիկացվել է գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է տեսանկարահանող սարքերի՝ տվյալ գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված սև շապիկով տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։