Հայաստանն ինձ համար Երևանը չէ, այլ Ուջանը, ուր կանգնած է Անդրանիկի արձանը. դերսիմահայ երիտասարդ
Առաջին անգամ հայրենիք ժամանած դերսիմցի հայ երիտասարդ Շանթ Թայլանը մի քանի տարի է՝ հայ ինքնության փնտրտուքի ճանապարհին է: Իր արմատները նա սկսել է փնտրել նախ Ստամբուլում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին պատմեց ինքը՝ Թայլանը:
«Հայաստանը ճանաչելու համար կարդացել եմ այս երկրին վերաբերող բազմաթիվ նյութեր: Հայկական ինքնության վերադարձին ինձ օգնել են հատկապես Ստամբուլում բնակվող հայախոս հայերը: Քանի որ ամաչում էի գալ Հայաստան և խոսել թուրքերեն, նախ սկսեցի հայերեն սովորել: Ես ուզում էի Հայաստանում հայերեն խոսել: Այժմ ես կարողանում եմ հայերենով հաղորդակցվել»,- ասաց Շանթ Թայլանը:
Դերսիմահայ երիտասարդը նշեց, որ Հայաստան գալով՝ հրճվանքին զուգահեռ նաև հիասթափություն ու զայրույթ է ապրել: Պատճառը սոցիալական անհավասարությունն է, որ տեսել է հայրենիքում:
«Ես խիստ հուզվել ու հպարտություն եմ ապրել հատկապես Ուջան գյուղում, ուր եղել եմ կիրակի օրը: Հայաստանն ինձ համար Երևանը չէ, այլ Ուջանը, ուր կանգնած է Զորավար Անդրանիկի հուշարձանը: Այնտեղ սասունցիներ են ապրում, որոնք կորցրել են իրենց հողը»,- ասաց Շանթ Թայլանը:
Դերսիմահայ երիտասարդն ասաց, որ մասնագիտությամբ հաշվապահ է, սակայն Դերսիմում զբաղվում է նաև հայկական հուշարձանների պահպանությամբ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նշեց, որ շատ է կարևորում հայկական հողերի ազատագրումը և հայ ժողովրդի ինքնության պահպանումը:
Ավելացրեց, որ երբևէ չի մտածել վերադառնալ և ապրել Հայաստանում. «Ես արդեն իսկ ապրում եմ իմ հողում, իմ հայրենիքում: Այնտեղ են իմ տունն ու մշակույթը: Ինչպե՞ս այդ ամենը թողնեմ, գամ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան