90 րոպեում ուզում եք օրենքներ սղացնեք. Նաիրա Զոհրաբյան
Ազգային Ժողովի արտահերթ նիստը սկսվելուց քիչ անց ընդմիջվեց: Պատճառն այն է, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Ելք»-ն ու «Ծառուկյան»-ը, դեմ էին որոշ նախագծերի հաստատման համար տրված ժամանակին:
Նշենք, որ կառավարությունն առաջարկում էր օրակարգում ներառված երկու հարցից մեկը՝ «Պետական գույքի մասնավորեցման մասին» նախագիծը, քննարկել 90 րոպե, իսկ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունները՝ երկու ժամ:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե մտահոգ են, որ մեկ օրենքի քննարկման համար հատկացվում է 90 րոպե, մյուսի համար՝ 2 ժամ:
««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համար հատկացվում է 2 ժամ, երբ 300 համայնքի ճակատագիր է որոշվում, և ճիշտ չէ այսպես սահմանափակել քննարկումը: Իսկ պետական գույքի մասնավորեցման օրենքի նախագծով մի քանի տասնյակ պետական օբյեկտների սեփականաշնորհում է նախատեսված և քիչ չէ, որ հանրային քննարկումներ չեն արվել, հանձնաժողովներում պատշաճ մակարդակով քննարկում չի կազմակերպվել, հիմա էլ 90 րոպե է սահմանվում: Մենք առաջարկում ենք երկուսի դեպքում էլ 5 ժամ սահմանել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրենք միանում են այս առաջարկին. «Բացարձակ անընդունելի է, ինչ-որ մնացել է Հայաստանում չմասնավորեցված, օտարում եք: Ի դեպ, հանձնաժողովում նաև պարզվեց, որ պոտենցիալ գնորդներ դեռևս չկան, ընդամենը դրվում է բյուջեն լցնելու խնդիր: Բերում եք ու 90 րոպեում ուզում եք սղացնեք, անցկացնեք: Սա շատ լուրջ խնդիր է: Մասնավորեցվում են բժշկական հիմնարկներ, «Հայ ֆիլմ» կինոստուդիան, կրթական հիմնարկներ, և սահմանել 90 րոպե՝ ընդամենը գալոչկայի համար, քննարկում կազմակերպելու համար: Սա բացարձակ անընդունելի է»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե համայնքների խոշորացման ծրագրի իրական պատկերին տեղյակ են: Իր ձեռքի տակ են համայնքների ղեկավարների դիմումները՝ կնիքներով, որոնք դեմ են ծրագրին, դեմ է նաև հանրությունը:
«Բա ո՞ւր մնաց խորհրդարանական կառավարումը, խորհրդարանի դերի բարձրացումը։ Բացարձակ անընդունելի աշխատաոճ է»,- եզրափակելով խոսքն ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքերով՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը Փաշինյանի մտահոգությունից հետո 2 ժամյա ռեժիմով քննարկման են դրել, որի համար շնորհակալ են կառավարությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան