Հարկման բազայի քայքայումը կանխելու կոնվենցիան կստորագրի նաև Հայաստանը
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կմասնակցի Փարիզում կայանալիք «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիայի ստորագրման արարողությանը:
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, կոնվենցիայի տեքստը մշակվել և ընդունվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթների տեղաշարժ (արտահանում) ծրագրի (BEPS) անդամ հանդիսացող 99 երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կողմից և հանդիսանում է այդ ծրագրի 15-րդ գործողությունը:
«Կոնվենցիայի ստորագրումը թույլ է տալիս փաստաթուղթը ստորագրած բոլոր երկրների հարկ վճարողների համար սահմանել կրկնակի հարկման համաձայնագրերի որոշ դրույթների կիրառման միասնական մոտեցումներ, որոնք էլ ավելի արդյունավետ կդարձնեն հարկեր չվճարելու դեմ պայքարը:
Այն նաև ենթադրում է միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր հանդիսացող երկրի կարգավիճակի ձեռքբերում»,-հայտնում են նախարարությունից: