Մեկ տանիքի ներքո. «Արտ ֆեստ» միջազգային երտասարդական փառատոնը մեկնարկում է
Մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երիտասարդ ստեղծագործողների միություն» ՀԿ-ի և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. հունիսի 8-19-ը կանցկացվի «Մեկ տանիքի ներքո» խորագիրը կրող «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնը:
Մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, բացումը տեղի կունենա ս. թ. հունիսի 8-ին, ժամը 18:00-ին, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում (Ամիրյան 26): Փակումը` մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հունիսի 19-ին, ժամը 18:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում (Աբովյան 7):
Փառատոնը մրցութային բնույթ է կրում, որին մասնակցում են 16-30 տարեկան անհատներ, ինչպես նաև ստեղծագործական խմբեր: Այն միտված է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի ձևավորմանը, մասնագիտական համագործակցության խթանմանը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, նոր անունների բացահայտմանը և տարվա ստեղծագործական ձեռքբերումների ամփոփմանը:
«Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնը ներառում է արվեստի բոլոր ճյուղերը, մասնավորապես, այս տարի ներկայացվել է թատերական արվեստի 193, կինոարվեստի 83, երգարվեստի 37, հագուստի մոդելավորման 35, դեկորատիվ կիրառական արվեստի 13, կերպարվեստի 128, գրականության 17 հայտ, ընդհանուր առմամբ` 432, որից 20-ը արտերկրից: Այս տարի փառատոնի մասնակիցների թիվը 506 է։
Փառատոնի 27 անվանակարգերն են.
Թատերական արվեստ՝ «Լավագույն բեմադրություն», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն բեմանկարչական աշխատանք», «Լավագույն երաժշտական ձևավորում»:
Կինոարվեստ` «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն երաժշտական ձևավորման հեղինակ», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն սցենար», «Լավագույն պրոդյուսերական աշխատանք»:
Կերպարվեստ՝ «Լավագույն քանդակ», «Լավագույն գեղանկար», «Լավագույն բատիկ», «Լավագույն լուսանկար», «Լավագույն գրաֆիկա»:
Երգարվեստ՝ «Լավագույն ժողովրդական երգիչ», «Լավագույն ժողովրդական երգչուհի», «Լավագույն դասական երգիչ», «Լավագույն դասական երգչուհի», «Լավագույն էստրադային երգիչ», «Լավագույն էստրադային երգչուհի»:
Հագուստի մոդելավորում՝ «Տղամարդու հագուստի լավագույն հավաքածու», «Կանացի հագուստի լավագույն հավաքածու»:
Գրականություն՝ (դրամատուրգիա և կինոսցենար) «Լավագույն սցենարիստ», «Լավագույն պիես»:
Հարակից հրապարակումներ`
- «Արտ Ֆեստ»-ի ծրագրում ներառվել է նաև գրականությունը
- «Արտ Ֆեստ 2016»-ի մրցանակակիրներն են
- Մեկնարկում է «Արտ Ֆեստ 2016»-ը
- «Արտ Ֆեստ»-ը լավ առիթ է հիանալու և հպարտանալու մեր նոր սերնդով. Աշոտ Համբարձումյան
- «Արտ ֆեստ» փառատոնը կներկայանա միջազգային ձևաչափով