Հայաստանում ներդրումները նվազել են. տնտեսագետ
Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումները 9 միլիարդ դրամով պակաս են եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Տնտեսագիտորեն նշանակում է, որ տեղի է ունեցել կապիտալի արտահոսք, այսինքն՝ ավելի շատ գնացել է Հայաստանից, քան՝ եկել: Հիմա եթե կանխավճարներ են կատարվել, ապա հաջորդ եռամսյակում այդ կանխավճարները կդառնան իրական ներդրումներ: Տեսնենք, թե ինչպես կլինի»,- ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքերով՝ կապիտալի արտահոսքի ամենամեծ չափաբաժինն ընկնում է Ռուսաստանին:
Վահագն Խաչատրյանը նշեց նաև, որ մարտին արձանագրվել է մասնավոր տրանսֆերտների ռեկորդային աճ՝ 127 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20%-ով:
«Մինչդեռ ապրիլին տրանսֆերտները կազմել են 109 մլն, իսկ նախորդ տարվա ապրիլին՝ 104 մլն: Սա տարօրինակ է և պայմանավորված է եղել նախընտրական շարժառիթներով: Բացի այդ, ապրիլին 86 մլն դոլարի չափով փող է դուրս եկել Հայաստանից մասնավոր տրանսֆերտների միջոցով: Այսինքն՝ մարդիկ գումարները հանում են ոչ միայն կապիտալի տեսքով, այլ՝ կանխիկ, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ վաճառում են իրենց անշարժ գույքը և այդ գումարները փոխանցման տեսքով դուրս են հանում Հայաստանից», - ընդգծեց տնտեսագետը:
Վահագն Խաչատրյանը նշեց նաև, որ դրական սպասումներ տնտեսական զարգացման առումով չունի: