Իրանում դրությունը շարունակում է լարված մնալ. Պայթյուն Մեջլիսի շենքում
Իրանի Մեջլիսի շենքի 5-րդ հարկում պայթյուն է որոտացել,-այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին զինյալները տեղակայված են Մեջլիսի շենքի 5-րդ և 6-րդ հարկերում:
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանում այսօր առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել, անհայտ անձանց կողմից հրազենից արձակված կրակոցով Մեջլիսի անվտանգության աշխատակիցներ են վիրավորվել. Նրանցից մեկը զոհվել է: Զինյալները կրակում են անցորդների ուղղությամբ:
«ԻՐԱՆ» օրաթերթի փոխանցմամբ՝ պայթյուն է տեղի ունեցել նաև Իմամ Խոմեյնիի դամբարանի շրջակայքում. մի կին իրեն պայթեցրել է:
Իրանական որոշ լրատվամիջոցներ (ոչ պաշտոնական) հղում կատարելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին՝ տեղեկացնում են, որ «Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնել է այսօր Թեհրանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը: