Ջավախքում կրթության ոլորտում ամենասուր թեմաները մնում են հայկական դասագրքերի պակասը
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների գծով ներկայացուցիչները մի շարք անկախ փորձագետների հետ միասին հունիսի 6-ին մոնիտորինգ իրականացնելու նպատակով այցելել էին Ախալցխա: akhaltskha.net-ի հաղորդմամբ, Ախալցխայում տվյալ խմբի անդամները հանդիպումներ են ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեյի հետ, ինչպես նաև հանդիպել տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և քաղաքական կուսակցությունների անդամներին: Հայկական կազմակերպություններից հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական Միության և Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական Միության տնօրեն Աշոտ Կավալերյանը և Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրեն տնօրեն Էդուարդ Այվազյանը մանրամասն ներկայացրել են հավաքվածներին նախկին քաղաքացիներին երկքաղաքացիություն չտրամադրելու խնդրի վերաբերյալ տեղեկություն:
«Մենք ականատես եղանք, թե ինչպես են քաղաքացիությունից զրկում այն քաղաքացիներին, որոնց ձեռք էին բերել Հայաստանի քաղաքացիություն: Շատերը դիմում էին իշխանություններին, որպեսզի վերականգնեն իրենց քաղաքացիությունը և մերժում ստանում: Նույն ժամանակ թուրքերին տալիս էին քաղաքացիություն»,-ասել է Աշոտ Կավալերյանը:
Հանդիպմանը անդրադարձ է եղել կրթական և այլ տեսակի խնդիրներին, որոնք հուզում են Սամցխե-Ջավախքի հայությանը: Քննարկումների ընթացքում պարզվել է, որ կրթության մեջ բոլորից սուր թեմաները մնում են հայկական դասագրքերի պակասի և հաճախակի տառասխալներով գրքերի թարգմանության խնդիրները:
Անդրադարձ է եղել փոքրամասնությունների լեզվով գործող մանկապարտեզների հարցին:
Օմբուդսմենի ներկայացուցիչները և անկախ փորձագետները հետաքրքրվել են, թե քանի հայկական մանկապարտեզ կա քաղաքում և շրջանում, ինչին ի պատասխան տեղեկացել են, որ քաղաքում չկա ոչ մի հայկական մանկապարտեզ, այլ դրա փոխարեն քաղաքում կա ընդամենը երկու հայկական խմբակ, որը չի բավարարում հայ ազգաբնակչությանը: Գրեթե նույն պատկերն է նաև գյուղերում:
Մոնիտորինգ անցկացնող խմբի անդամները զարմացել են, որ Ախալցխայում չկա ոչ մի հայկական մանկապարտեզ, քանի, որ այս հանդիպումից առաջ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն ներկայացրել էր նրանց, որ իբր քաղաքում կա հայկական մանկապարտեզ:
«Մենք ընտրություններից առաջ բարձրացրել ենք տվյալ հարցը իշխանությունների մոտ: Նաև տարիներ առաջ գրավոր դիմում ենք ներկայացրել, սակայն մինչև օրս չի բացվել ոչ մի հայկական մանկապարտեզ, որի պահանջարկը ժողովրդի մեջ կա»,-հանդիպման ժամանակ ասել է Էդուարդ Այվազյանը:
Խմբի անդամները հետաքրքրվել են նաև, թե ինչպիսին է քանակական հարաբերակցությունը քաղաքի սակրեբուլոյում, քաղաքապետարանում և նահանգապետարանում, ինչքան են հայերը աշխատում տվյալ պետական հաստատություններում:
Այս թեմայով վրացալեզու «Հարավային դարպաս» թերթի խմբագիր Նինո Նարիմանիշվիլին խմբի անդամներին և անկախ փորձագետներին տեղեկացրել է, որ քաղաքային խորհրդում կա ընդամենը երկու հայ պատգամավոր, իսկ քաղաքապետարանում չկա հայ ազգի փոխքաղաքապետ: Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ քաղաքապետարանում կա մի քանի հայ ազգի աշխատակից: Նման պատկեր է շրջանային վարչությունում, որտեղ կա հայ ազգի մեկ ներկայացուցիչ, ինչպես նաև կան գյուղերի պատասխանատուներ:
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում հասարակական կազմակերպությունների տեղեկությամբ չկա ոչ մի հայ ազգի ներկայացուցիչ, չնայած որ նահանգապետ Ակակի Մաճուտաձեն մոնիտորինգ անող խմբին ներկայացրել է, որ նահանգապետարանում կա մեկ հայ ազգի ներկայացուցիչ: