Նման մարմնի ստեղծումն երկրի իշխանությունների քաղաքական հստակ կամքի արտահայտություն է. Ս.Ֆարմանյան
«Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագծում բերված հիմնավորումներն առավել քան համոզիչ են գոնե մեկ հարցի կապակցությամբ, որ Հայաստանում անհրաժեշտ է որակական նոր աստիճանի բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի հարցի անհրաժեշտությունը: Ազգային ժողովում արտահերթ նիստում նախագծի քննարկմանն ասաց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը:
Նրա խոսքով, փաստ է, որ նման մարմնի ստեղծումն երկրի իշխանությունների քաղաքական հստակ կամքի արտահայտություն է, այն բացելու է ճանապարհներ նաև օտարերկրյա գործընկերների հետ առավել արդյունավետ և համակողմանի համագործակցության:
«Շատ ժամանակ չի անցել Հայաստանի նախագահի այս ամբիոնից ունեցած ուղերձից, որտեղ հստակ, իմ կարծիքով, քաղաքական մեծամասնության տեսակետը ներկայացվել է կապած նաև այս հարցադրման հետ, որ իսկապես կոռուպցիայի հաղթահարման հարցում մեզ անհրաժեշտ են լրիվ նոր մոտեցումներ և լրիվ այլ գործիքակազմ: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ հարցի կարևորությունը պայմանավորված է մեր միջազգային գործընկերների համագործակցության այն օրակարգով, որ մենք ունենք, դա և Եվրոպայի միությունն է, և եվրոպական կառույցները, որոնց հետո համագործակցությունը եղել է մեր ընտրությունը, նաև անդամակցության տեսքով ԵԽԽՎ պարագայում, և մենք կամովի ստանձնել ենք պատասխանատվություն ավելի արդյունավետ պայքար մղելու կոռուպցիայի դեմ:
Այս առումով, կարծում եմ, նման մարմնի ստեղծումը նոր հնարավորություններ կբացի նաև մեզ համար որպես պետություն միջազգային համագործակցության տեսանկյունից»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով, ընդհանրապես աշխարհում գոյություն չունի որևէ ունիվերսալ բանաձև, որ կարելի է պատճենել:
«Որքան էլ հռչակված քաղաքական նպատակները լինեն շատ ազնիվ, քաղաքական կամքը լինի դոմինանտ, սա մի հիվանդություն է, որը բնորոշ է հասարակական հարաբերություններին: Ըստ էության, այդ խնդրի հաղթահարումն իր մեջ ունի քայլ առ քայլ գնալու տրամաբանություն: Հենց այդ տեսանկյունից ես համարում եմ, որ ներկայացված փաթեթը բավականին դրական է»,- ասաց Ս. Ֆարմանյանը:
Խոսելով ընդդիմության դերակատարության մասին, նա նշեց, որ Սահմանադրությունը խորհրդարանական ընդդիմությանը տալիս է բազում հնարավորություններ և մասնակցային, և հատկապես վերահսկողական ճանապարհով սեփական դերակատարությունն ունենալու:
«Հատկապես այս հարցում ես ավելի շատ կգերադասեի, որ քաղաքական ընդդիմությունն ունենար ոչ թե մասնակցային դերակատարության, այլ ավելի շատ վերահսկողական գործառույթներ իրականացնելու»,- նշեց ՀՀԿ խմբակցության անդամը:
Նա նաև ասաց, որ օրենքի հետ կապված մտահոգություններ ունի ոչ միայն քաղաքական ընդդիմությունը, նաև քաղաքական մեծամասնությունը, որոնք բարձրաձայնվել են հարցի քննարկման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյան. Կոռուպցիայի դեմ պայքարի մարմնի անկախության խնդիր եմ տեսնում
- Կավելանա բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հայտարարատուների թիվը
- Վարչապետի «մեծահոգությամբ»՝ ՀՀԿ-ն ընդառաջեց ընդդիմությանը
- 90 րոպեում ուզում եք օրենքներ սղացնեք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան