Կավելանա բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հայտարարատուների թիվը
Խորհրդարանում այսօր քննարկվում է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և կառավարության կողմից համատեղ ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագիծը:
Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի այս նախագծով առաջարկվում է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարատուների ցուցակն ու սահմանել ընտանիքի կազմը: Ըստ նրա՝ եթե ներկայումս հայտարարատու պաշտոնատար անձինք շուրջ 500-ն են, ներկայացվող փոփոխությամբ նրանց թիվը կհասնի մինչև 2200:
«Այս ցանկում ներառված են դատախազները, քննիչները, հատուկ ծառայություններում գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք և գնումների բողոքարկման խորհրդի անդամները: Եթե հանրային ծառայության այս կամ այն ոլորտին է վերաբերում, ապա բարձրագույնի շեմն իջեցվել է մինչև գլխավոր: Հաջորդը հստակեցվել է ընտանիքի կազմը. նոր փոփոխությամբ ընտանիքի կազմում ներառվում են ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձինք, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյայի հետ համատեղ ապրող ցանկացած անձ»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ այս մարմինն իրականացնելու է հայտարարագրերի ստուգում, վերլուծություն, կունենա ազդարարման վարույթի հետ կապված գործիքակազմ, իրավասու է լինելու կասկածների դեպքում տեղեկությունը տրամադրելու Գլխավոր դատախազությունը, սակայն քննչական գործառույթներ չի ունենալու:
Մանրամասները՝ տեսանյութում: