Մասնագետն՝ այս տարվա արձանագրված թունավորումների մասին
Այս տարվա հինգ ամիսների ընթացքում արձանագրվել են ինչպես բոտուլիզմի դեպքեր, այնպես էլ սնկից ու ստաֆիլակոկային թունավորումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։
Նա ներկայացմամբ, այս հինգ ամսվա ընթացքում արձանագրվել է բոտուլիզմի 5 դեպք՝ 12 տուժածով, որից 2-ը երեխաներ են՝ մինչև 14 տարեկան, արձանագրվել է 2 մահվան դեպք։
ԱՆ մասնագետը նշեց, որ նախորդ տարվա համեմատ, բոտուլիզմի դեպքերի նվազում կա։ Անցած տարի եղել է 10 դեպք` 20 տուժածով։
«Սնկից թունավորման 7 դեպք է արձանագրվել՝ 11 տուժածով։ 5-ը եղել է Լոռու մարզում, 1-ական դեպք՝ Արարատի ու Կոտայքի մարզերում։ Թունավորվածներից 5-ը երեխաներ են՝ մինչև 14 տարեկան»,- նշեց մասնագետը։
Մարգարիտա Բաբայանի խոսքով՝ Լոռու մարզում հատկապես անապահով ընտանիքների երեխաները շատ են գնում անտառ, սունկ հավաքում և հենց տեղում էլ խորովում ու ուտում։
«Ստաֆիլակոկային թունավորումների դեպքեր են արձանագրվել՝ 25 տուժածով, որոնցից 17-ը երեխաներ են կրկին Լոռիում՝ հանրային սննդի կազմակերպությունում։ Այս թունավորումներն առաջանում են ոչ ճիշտ հիգիենիայի պահպանման արդյունքում»,- նշեց մասնագետը։
Թունավորումներից զերծ մնալու համար Մարգարիտա Բաբայանը խորհուրդ է տալիս սնունդ պատրաստելիս, ուտելիս խստորեն հետևել հիգիենայի կանոններին, աղցանները պատրաստել քիչ քանակով, 6 ժամից շատ չպահել սառնարանում, աղցանը թթվասերով համամել ուտելուց անմիջապես առաջ, հավկիթը և հրուշակեղենի մեջ օգտագործվող հատապտուղները լավ լվանալ։
«Բոտուլիզմի ախտանշաններն են սրտխառնոց, գլխացավ, երկտեսություն, կոփերի անկում, ձայնի խռպոտություն։ Սնկից թունավորումների դեպքում՝ սրտխառնոց, փսխում։ Աշխտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի և անպայման ասել, թե ինչ սնունդ են օգտագործել»,-ասաց նա՝ խորհուրդ տալով զերծ մնալ պահածո պատրաստելուց, եթե կարելի է այլ եղանակներով պահել բանջարեղենը։
Ինչ վերաբերում է դրսում վաճառվող պաղպաղակներին՝ Մարգարիտա Բաբայանն ասաց, որ այդ սարքավորումները պետք է ախտահարվեն, տաք ջրով լվացվեն պաղպաղակի ամեն քանակը լցնելուց առաջ։ Նա խորհուրդ տվեց չօգտվել այդ սարքավորումներով պատրաստվող պաղպաղակներից։