ԵՊՀ-ում տեղի ունեցավ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» ռուսալեզու գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսը
Այսօր Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» (Գագիկ Սարգսյանի թարգմանությամբ) ռուսալեզու գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսը։
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը և գաղափարի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Կարեն Իգիթյանը։
Խոսնակները իրենց ելույթներում նշել են, որ գիրքը համալրվել է գունավոր պատմական քարտեզներով, ինչպես նաև 15-րդ դարի իտալացի նկարիչների նկարներով։ Գրքում կատարվել են նաև մի շարք հղումների թարմացումներ՝ համապատասխանեցնելով դրանք ժամանակակից գիտական պահանջներին։
Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության համաձայն, գրքի հրատարակումը նպատակ ունի ընթերցողների լայն շրջանակին առավել պատկերավոր ներկայացնել Հայոց պատմության վերաբերյալ ուշագրավ նյութերը:
Գրքի հրատարակման գաղափարի հեղինակն է Պյատիգորսկի հայկական համայնքի գործիչ՝ լուսահոգի Հրանտ Սարկիսովը։ Նա մեծ նշանակություն էր տալիս հայերի պատմության մասին պատմող ռուսալեզու գրքերի հրատարակմանը, որոնց միջոցով Հայոց պատմությունը տարածվում է, ինչպես հայկական համայնքում, այնպես էլ ռուսախոս այլ ազգերի ներկայացուցիչների շրջանում։
Գրքի լրամշակված տարբերակի հրատարակման աշխատանքներին մասնակցել են Ալլա Տեր-Սարկիսյանցը (պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ), Վալերիա Եսայանը (փիլիսոփայական գիտությունների թեկնածու), Վարսենիկ Հայրապետովան (մանկավարժական գիտությունների թեկնածու), Վիկտոր Հակոբյանը (պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր), Գոհար Առուստամովան (Պյատիգորսկի հայկական դպրոց հայոց լեզվի ուսուցչուհի) և Կարեն Ղազարյանը (պատմաբան):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում