Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին վարորդներ «Զվարթնոց» օդանավակայանում. Վարչապետը՝ տաքսի ծառայությունների մասին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխմանը դեպի քաղաք և այլ վայրեր։
Նրա խոսքերով՝ ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը՝ արձանագրում են, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին:
«Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է` հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողը Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիներն են»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիցենզավորման ոլորտում օրինախախտումների գործունեության դադարեցման ուղղությամբ:
Բացի այդ, հանձնարարվեց քննարկել Երևան-«Զվարթնոց» երթուղիների արդիականացման հնարավորությունը։
Վարչապետը ՀՀ ոստիկանապետին էլ առաջարկեց մեկշաբաթյա ժամկետում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսիների վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման ու պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
«Պրոբլեմը բոլորս շատ լավ գիտենք, անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք վարորդի տեսքը ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ոնց պիտի իրան պահի: Պարոն Գասպարյան, ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ, պռոստը անթույլատրելի ա, 20-30 հազարով Մալաթիա-Սեբաստիայով պտտվելով բերում են Երևանյան լիճ՝ որպես Սևան»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը։
Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ տարիներ շարունակ այդ խնդիրները բարձրացնում են. «Բավականին աշխատանքներ են իրականացվել, հանդիպումներ ենք ունեցել տաքսի ծառայությունների ղեկավար կազմի հետ: Մենք չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, հատուկ դիսպանսերում հաշվառված անձանց լիցենզիաներ չտրամադրեն: Հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»։
Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին՝ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ պետք է կարգավորել այդ դաշտը, լիցենզավորում տրամադրելիս չպետք է բարդացնել բիզնես իրականացնելը, սակայն պետք է հստակ հայտանիշեր սահմանել:
«Անհրաժեշտ է ապահովել Երևան–«Զվարթնոց» օդանավակայան երթուղային տրանսպորտ, համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ: Կոնկրետ երթուղային գիծ սահմանեք, այլընտրանք ապահովեք, որպեսզի յուրաքանչյուրն ինչ գին ցանկանա՝ չկարողանա սահմանել: Ներդրեք համապատասխան գնացուցակներ: Այս առումով Զբոսաշրջության պետական կոմիտեն բազմաթիվ աշխատանքներ ունի»,- շեշտեց վարչապետը: