Հստակեցվել է բուժման ենթակա հեպատիտ Ց-ով հիվանդների ցանկը. ԱՆ
Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված ժամանակակից «Սովալդի» դեղով հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագիրը ընթացքի մեջ է։ Առողջապահության նախարարության կողմից մշակված չափորոշիչներին համաձայն հստակեցվել է բուժման ենթակա հիվանդների ցանկը։ ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ դրա մասնագետները հիվանդներին հեռախոսազանգերով հրավիրում են դեղը տրամադրելու և բուժումն իրականացնելու համար։
«Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված սովալդի դեղի օգտագործմամբ։ Հայաստան է ներմուծվել դրա օրիգինալը։ Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 80-100 հազար ԱՄՆ դոլարի։
Այս ծրագրով բուժման շրջանակում սովալդի դեղը տրամադրվում է անվճար, սակայն անհրաժեշտ հետազոտությունների համար հիվանդը վճարում է։ Բացի այդ, բուժման երկրորդ դեղը նույնպես ձեռք է բերում հիվանդը, սակայն շուկայականից զգալի ցածր գնով։ Նման համաձայնություն նախարարությունը ձեռք է բերել ներկրողի հետ բանակցությունների արդյունքում։
Անհրաժեշտ է նշել, որ ընդհանուր ցանկում առկա հիվանդների թիվը կրկնակի ավելին է, քան այս պահին բուժման հնարավորություն ունեցողներինը։ Ուստի հորդորում ենք հրավեր ստացած հիվանդներին ժամանակին ներկայանալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց։ Չներկայանալու դեպքում տվյալ հիվանդի տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը։ Ծրագիրը կավարտվի հազարերորդ հիվանդի բուժումը նշանակելու պահին։
Միաժամանակ առողջապահության նախարարությունը հույս է հայտնում, որ հետագայում ծրագիրը կարող է դառնալ շարունակական»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ընդունել է հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման համար Վրաստանի նվիրաբերած դեղը
- Քաջարանում 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ Ց
- Նախարարը հանձնարարել է Քաջարանի հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի առնչությամբ ամենախիստ մոտեցումը ցուցաբերել
- Քաջարան. հեպատիտ Ց-ով դեպքերի առթիվ ուսումնասիրություններ կկատարի մասնագիտացված հանձնաժողովը