Մահացել է ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանը
Այսօր 73 տարեկանում մահացել է հայ ջազային երաժիշտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, թմբկահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կայքից տեղեկանում ենք, որ Չիկոն այսօր մի քանի ժամ առաջ նկարահանել է իր հեղինակային «Ջազի ժամը» հաղորդումը, որը պետք է եթեր հեռարձակվեր շաբաթ օրը հեռուստաընկերության երեկոյան եթերում, բայց մի քանի ժամ անց թենիսի մարզադաշտում հանկարծամահ է եղել։
Արմեն Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երևանում: 1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։ 1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։
Ա. Թութունջյանը համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։