Հունիսի 10-ից կգործի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը
Հունիսի 10-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը:
Գյուղատնտեսական տոնավաճառները, որոնք անց են կացվում 2011 թվականից, գործում են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Տոնավաճառներին սեփական արտադրանքը կարող են ներկայացնել գյուղացիական տնտեսություններ բոլոր մարզերից:
ԳՆ-ից հայտնում են, որ գյուղատնտեսական մթերք արտադրողների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: