Շավարշ Քոչարյան. Վստահության մթնոլորտի բաղկացուցիչ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը չկրակելն է
«Այսօր խոսքը միայն նրա մասին է, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն»: Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքին:
«Հենց Վիեննայում ձևավորվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ, բանակցային գործընթացում խոսել առաջընթացի մասին, անհնարին է»,-ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով, վստահության մթնոլորտի բաղկացուցիչ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը չկրակելն է, սադրանքների չգնալը. «Ժողովուրդը պետք է տեսնի, որ չեն կրակում, սադրանքներ չեն կազմակերպվում: Ըստ էության, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները հենց դրա մասին են»:
Անդրադառնալով պատերազմի վերսկսման վերաբերյալ քաղաքագետների ու փորձագետների կանխատեսումներին, Շ. Քոչարյանն ասաց, որ պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն:
«Այդ սուրը փորձում է անընդհատ թափ տալ Բաքուն: Իհարկե, մտահոգություն է առաջացնում շփման գծում առկա լարվածությունը»,-ասաց նա: